Հնդկական կողմը պատրաստակամ է շարունակել ծրագրերը ՀՀ այլ մարզերում
Տնտեսություն
14:48 16/04/2013

Հնդկական կողմը պատրաստակամ է շարունակել ծրագրերը ՀՀ այլ մարզերում

ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է  Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուին:  ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ` հանդիպմանը քննարկվել են Հնդկաստանի կառավարության աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերին վերաբերող հարցեր:  Ա. Գևորգյանը  գոհունակություն է հայտնել, որ ուշադրություն է դարձվում նաև մարզերում և համայնքներում զարգացման ծրագրերի իրագործմանը:

Կողմերը մասնավորապես անդրադարձել են մարզերում որոշ ծրագրերի շարունակման, համայնքների զարգացմանն ուղղված փոքր ներդրումային ծրագրերի կյանքի կոչման հնարավորություններին: Նման ծրագրեր հնդկական կողմն իրականացնում է  «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ  համագործակցությամբ: Մասնավորապես, Հնդկաստանի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է  Լոռու մարզի Արծնի գյուղի միջնակարգ դպրոցը: Ավարտվել է Տավուշի մարզի 72 դպրոցներում համակարգչային դասարանների ստեղծման ծրագիրը, որի արդյունքում դպրոցներն ապահովվել են համակարգչային արդիական տեխնիկայով և գույքով:

 Դեսպանը նշել է հնդկական կողմը պատրաստակամ է շարունակել նույն ծրագիրը մեկ այլ մարզում: Քննարկվում է նաև համայնքներում փոքր ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունը, մասնավորապես, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման ոլորտում:Ա. Գևորգյանը ողջունել է նման մտադրությունը:

Անդրադառնալով  համակարգչային դասարանների ստեղծման ծրագրին` նա նկատել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է  մարզերում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը,  ներկայումս համայնքներում կատարվում են էլեկտրոնային  համակարգերի ներդրման  աշխատանքներ, և հնդկական կողմի աջակցությամբ իրականացվող ծրագիրը համահունչ է այդ նպատակին:  Ա. Գևորգյանը տեղական հումքով աշխատող փոքր արտադրությունների ստեղծմանն ուղղված ծրագրերը ևս կարևոր է համարել համայնքների զարգացման տեսանկյունից:  Նա նշել է, որ հայկական կողմը  շահագրգռված է  նման նախագծերի իրականացմամբ և աջակցության պատրաստակամություն է հայտնել:    

Placeholder
Հնդկական կողմը պատրաստակամ է շարունակել ծրագրերը ՀՀ այլ մարզերում