Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երևանի Ռուսական արվեստի թանգարանի աշխատանքը նույնպես պետք է չափվի վճարովի այցելուների քանակով
Շատ մասնագետների կարծիքով, Երևանի Ռուսական արվեստի թանգարանը /պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու/ Հայաստանի ազգային պատկերասրահից հետո ամենաարժեքավոր հավաքածուն ունի մեր քաղաքում. այստեղ ներկայացված են 19-20-րդ դդ. ռուսական արվեստի համաշխարհային մեծ համբավ վայելող վարպետների ստեղծագործությունները:
Վերջին տարիներին այստեղ շատ ակտիվ մշակութային գործունեություն է ծավալվել՝ լինում են ռուս և հայ ժամանակակից նկարիչների ցուցահանդեսներ, դասական երաժշտության համերգներ (թեև թանգարանում առկա ռոյալը չի աշխատում, իսկ նորը նվիրելու խոստումը դեռևս չի իրակացվել), ուսումնական և այլ բնույթի ծրագրեր են իրականացվում: Սակայն այդ բոլորը, ցավոք, չի ազդում թանգարանի ֆինանասկան վիճակի բարելավման վրա: «Թանգարանի աշխատանքի չափանիշը չի կարող լինել նրա վաստակած գումարը: Թանգարանի ֆունկցիան փող աշխատելը չէ»,- Մ. Պիոտրովսկու այս խոսքերը Panorama.am-ի հետ զրույցում հիշեց Երևանում Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Անուշ Տեր-Միանսյանը` հավելելով. «Իսկ մենք, ինչպես և Հայաստանի այլ թանգարանները, այս տարի առաջին անգամ պետք է պլանով աշխատենք, այսինքն` մեր աշխատանքը պետք է չափվի վճարովի այցելուների քանակով»:
Թանգարանի մուտքի տոմսի արժեքն ընդամենը 500 դրամ է, սակայն այցելուները հիմնականում այն օրերին են գնում թանգարան, երբ մուտքն անվճար է: 2012-ի ընթացքում թանգարանում կազմակերպվել է 22 ցուցադրության, 8 միջոցառում, սակայն այս ամենը, ըստ թանգարանի տնօրենի, բնականաբար, անվճար են եղել: Ցուցահանդեսների բացման օրը կամ միջոցառումների ժամանակ շատ մարդ է եկել, սակայն նրանք վճարովի այցելուների թվին չեն պատկանում: Նախորդ տարի թանգարանն ունեցել է 4610 այցելու, որից միայն 800-ն է վճարել մուտքի համար:
Տնօրենի խոսքով, իրենք տարբեր միջոցների են դիմում թանգարան այցելու բերելու համար. օրինակ, դիմել են քաղաքապետարան, որ գումար հատկացեն դպրոցներին՝ երեխաներին թանգարան բերելու նպատակով, քանի որ դպրոցականների գեղագիտական դաստիարակության համար չափազանց կարևոր է այդ մակարդակի արվեստի հետ ծանոթ լինելը, սակայն ապարդյուն՝ քաղաքապետարանից պատասխան չի ստացվել, դիմել են տուրիստական կազմակերպություններին, սակայն պատասխան են ստացել, որ տուրիստները նախընտրում են միայն հայկական արվեստին վերաբերող մշակութային օջախներն այցելել: «Կարծում ենք, որ դա այդպես չէ, - հավելեց տնօրենը, - ոչ մի մարդ չի հրաժարվի այդպիսի շանսից՝ մի երկրում հնարավորություն ստանալ ծանոթանալու մեկ այլ երկրի արվեստի հետ՝ այն էլ այդպիսի բարձր մակարդակի»:
Մեզ մնում է միայն հուսալ, որ գիտակից հայ արվեստասերը հասկանում է, թե ինչ հզոր երևույթ է այդ շրջանի ռուսական արվեստը, և նա կձգտի հաճախակի այցելել մշակութային այս հիանալի հաստատությունը՝ ոչ միայն նրան օգուտ տալու, այլև սեփական հաճույքի համար: