Հայ-իրանական համատեղ ֆիլմեր են նկարահանվելու
Մշակույթ
15:48 19/04/2013

Հայ-իրանական համատեղ ֆիլմեր են նկարահանվելու

Հայաստանի մշակույթի նախարարությունում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական առաջնորդման նախարարության միջև 2013-2016 թթ. մշակույթի և արվեստի բնագավառներում համագործակցության մասին» գործնական ծրագիր: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանը և ԻԻՀ մշակույթի և իսլամական առաջնորդման նախարար Սեյեդ Մոհամմադ Հոսեյնին: Այս մասին տեղեկանում են մշակույթի նախարարության պաշտոնական կայքից:

Ծրագրի համաձայն կողմերը կաջակցեն միմյանց պետություններում մշակութային շաբաթների կազմակերպմանը, երկու երկրներում կազմակերպվող միջազգային փառատոներին, մրցույթներին, ցուցահանդեսներին իրենց երկրների ներկայացուցիչների մասնակցությանը: Կինոյի բնագավառում կողմերը կհամագործակցեն համատեղ ֆիլմերի արտադրությանը, ինչպես նաև հայկական և իրանական համապատասխան ընկերությունների կողմից կազմակերպվող ֆիլմերի ցուցադրությանը: Գրադարանների և թանգարանների ոլորտում կաջակցեն մասնագետների, ուսանողների և փորձագետների փոխայցելություններին, սեմինարների և կոնֆերանսների կազմակերպմանը, ինչպես նաև գրքերի և պարբերականների փոխանակումներին: Կողմերը կաջակցեն Հայաստանի ազգային գրադարանի և Իրանի արխիվի և ազգային գրադարանի միջև համագործակցությանը:

Նշենք, որ իրանական պատվիրակությանը Հայաստանում է մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանի հրավերով:

Placeholder
Հայ-իրանական համատեղ ֆիլմեր են նկարահանվելու