Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ս. Մկրտչյան. Դպրոցական դասագրքերի մեծ մասը համապատասխանում են սահմանված նորմերին (տեսանյութ)
«Հայաստանի միջնակարգ դպրոցներում ավելի քան 120 անուն գրքեր կան, որոնց մեծ մասը արդեն տարիների շարունակ գործում են, ընդունված են ուսուցիչների կողմից: Իհարկե, կան մի քանի գրքեր, որոնք չեն համապատասխանում սահմանված պահանջներին: Դրանք անընդհատ թարմացվում են կրթության և գիտության նախարարության կողմից հայտարաված մրցույթներով»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց 1-4-րդ դասարանների մաթեմատիկայի դասագրքերի հեղինակ, «Զանգակ» հրատարակչության գլխավոր տնօրեն Սոկրատ Մկրտչյանը: Նրա խոսքով, սահմանված չափորոշիչներին չհամապատասխանող գրքերը փոխարինվում են նորերով, այսինքն՝ «անընդհատ փոխարինում է տեղի ունենում»:
Դասագրքերում, ըստ Ս. Մկրտչյանի, պետք է ներկայացված լինեն պետական չափորոշիչներով նախատեսված առարկայական ծրագրերի բոլոր կետերը, լինեն պարզ, մատչելի լեզվով գրված, իսկ տարրական դասարանների դասագրքերի դեպքում, հաշվի առնելով երեխաների տարիքային առանձնահատկությունները, շարադրանքը պետք է այնպես լինի, որ յուրաքանչյուր միտք, առաջադրանք հասանելի լինի նրանց: «Բազմաթիվ պահանջներ կան, որոնք պետք է բավարարվեն: Իսկ թե բավարարվում են այդ պահանջներին, թե ոչ՝ արդեն երևում է այն ժամանակ, երբ դասագիրքը գործում է դպրոցներում կամ անցնում են փորձաշրջան»,- ասաց նա:
Ս. Մկրտչյանի խոսքով, դասագրքերին ներկայացված ու մանկավարժական ամենագլխավոր պահանջներից մեկն այն է, որ այն բովանդակային միջուկից բացի, նպաստի երեխաների սոցիալիզացմանը. օրինակ մաթեմատիկայի դասագիրքը զուտ մասնագիտական գիտելիքներից պետք է կարողանա լուծել աշակերտի սոցիալականացման խնդիրը, հասարակության անդամ դառնալու խնդիրը: «Այսօր մեր դասագրքերի գերթե մեծ մասը լուծում են այդ խնիդրը»,- համոզված է նա:
Հրատարակիչը նաև նշեց, որ դասագրքերի մեծամասնությունը համապատասխանում է նաև առողջապահության նախարարության կողմից հաստատված նորմերին. «2006 թվականից գործում են առողջապահության նախարարության կողմից հաստատված նորմեր, որոնք պարտադրվում են մեզ կրթության և գիտության նախարարության կողմից: Դասագրքերը նախքան դպրոց մտնելը անցնում են համապատասխան լաբորատորիայով, որը իրականացնում է առողջապահության նախարարությունը՝ ստուգելով թղթի, կազմի որակը, գրքի քաշը, այն ներկերը, որոնցով տպագրվել է գիրքը, տառատեսակների չափերը: Եթե չեն բավարարում սահմանված նորմերը, հրատարակչությունը տուգանքների է ենթարկվում, հաջորդ անգամ զրկվում է մրցույթին մասնակցելու հնարավորությունից»: