Ֆրեզնոյում Ջոն Մարշալ Էվանսը կրկին կխոսի Հայոց ցեղասպանության մասին
Աշխարհում
12:06 22/04/2013

Ֆրեզնոյում Ջոն Մարշալ Էվանսը կրկին կխոսի Հայոց ցեղասպանության մասին

Այս շաբաթ Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցը կնշվի Ֆրեզնոյում, որի ժամանակ Հայոց ցեղասպանության մասին կխոսի Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպանի` Ջոն Մարշալ Էվանսը: Այս մասին տեղեկացնում է «The Fresnobee.com» պարբերականը:

Պարբերականը հիշեցնում է, որ ԱՄՆ-ի կառավարությունը մինչ օրս խուսափում է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված իրադարձությունները ցեղասպանություն անվանել, մինչդեռ 2004-ից 2006 թվականը Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Էվանսն արտասանել է ցեղասպանություն բառը և շարունակում է հավատարիմ մնալ իր դիրքորոշմանը:

«Ցեղասպանություն բառը «անհարկի» եզր էր համարվում և 1915 թվականի պատմության քննարկումն արգելված էր: Երբ ես խախտեցի այդ տաբուն և խոսեցի Հայոց Ցեղասպանության մասին 2005 թվականի փետրվարին Կալիֆորնիայում… ես վերադարձա Հայաստան որպես դեսպան, սակայն ինձանից պահանջեցին հայտարարություն տարածել՝ նշելով, որ այն, ինչ ես ասել եմ անհարկի էր: Բայց հարկավոր էր ջարդել այդ տաբուն, անգամ աշխատանքից հեռանալու գնով»,- նշել է Ջոն Էվանսը:

ԱՄՆ Պետդեպարտամենտը վերջինիս հետ է կանչել մինչև նրա եռամյա պաշտոնավարման ավարտը, իսկ արդեն 2006 թվականի վերջին նա հեռացել է համակարգից: Դրանից հետո Էվանսն իր հրապարակային ելույթներում շարունակել է խոսել Ցեղասպանության մասին:

«Ես համոզված եմ՝ այն փաստը, որ աշխարհը չի կարողանում առերեսել պատմության ծանր էջերը, կործանարար հետևանքների է բերում»,- ասել է դեսպանը:

Ջոն Էվանսը Ցեղասպանության մասին կխոսի երեքշաբթի Ֆրեզնոյի հայկական եկեղեցում:

Placeholder
Ֆրեզնոյում Ջոն Մարշալ Էվանսը կրկին կխոսի Հայոց ցեղասպանության մասին