Հայ-լեհական գործարար համաժողով՝ Երևանում
Տնտեսություն
13:26 22/04/2013

Հայ-լեհական գործարար համաժողով՝ Երևանում

Հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստի շրջանակներում Երևանում այսօր մեկնարկեց հայ-լեհական գործարար համաժողովը: Համաժողովի ընթացքում լեհ գործարարներին ներկայացվեց Հայաստանի ներդրումային հնարավորությունները և գործարար միջավայրը:

Համաժողովին մասնակցում էին ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնակատար Արա Պետրոսյանը, Լեհաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տոմաշ Տոմչիկևիչը, Զարգացման հայկական գործակալության տնօրեն Ռոբերտ Հարությունյանը: Լեհաստանից համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել 9 շինարարական ընկերություններ:

Ինչպես համաժողովի բացմանը նշեց Արա Պետրոսյանը, Հայաստանի և Լեհաստանի միջև միշտ եղել է բարիդրացիական հարաբերություններ: «Կարծում եմ, որ այս համաժողովը ևս հնարավորություն կտա էլ ավելի ամրապնդել երկու երկրների միջև եղած հարաբերությունները, ինչպես նաև կնպաստի առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը»,- ասաց նա:

ԶՀԳ-ի տնօրեն Ռոբերտ Հարությունյանի խոսքերով՝ համաժողովը հնարավորություն կընձեռի հայ գործարարներին ներկայացնելու իրենց առաջարկները:

Նա նշեց, որ 2011 թվականին Հայաստանի և Լեհաստանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 36 մլն դոլար, իսկ 2012թ-ին այն կտրում աճել է՝ կազմելով 42.4 մլն դոլար: Այդուհանդերձ, ըստ Ռ.Հարությունյանի, դա բավարար չէ, և փորձելու են մեծացնել ոչ միայն առևտրաշրջանառության ծավալները, այլև ընդլայնել արտահանվող և ներմուծվող ապրանքների տեսականին: «Արդեն 5-րդ անգամ անցկացնում ենք հայ-լեհական գործարար համաժողով, սրանով է նաև բացատրվում առևտրաշրջանառության աճը և այն հետաքրքրությունը, որ ունենք լեհական ընկերությունների կողմից Հայաստանի հանդեպ: Սակայն պետք է փորձենք ընդլայնել նաև ապրանքատեսականին»,- ասաց Ռ.Հարությունյանը:

Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ արդեն 5 տարի է Լեհաստան են արտահանվում նաև հայկական գինիներ, սակայն ծավալները բավարար չեն: «Ոլորտում կա մեծ պոտենցիալ, որը չի օգտագործվում: Դրա համար պետք է համապատասխան քայլեր ձեռնարկվեն, որպեսզի կարողանանք ավելացնել արտահանման ծավալները»,- ասաց Ա.Հարությունյանը՝ հավելելով, որ Լեհաստանում հատկապես մեծ պահանջարկ ունեն հայկական մրգային գինիները:

Նշենք, որ 2012թ-ին Հայաստանի և Լեհաստանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 42.4 մլն ԱՄՆ դոլար, որից արտահանումը կազմել է 599.3 հազար դոլար, ներմուծումը՝ 41.8 մլն դոլար: Հիմնականում արտահանվում են կաուչուկ, խմիչքներ, աղ, ցեմենտ, քար, կրաքար, այլումին, ներմուծվում են եթերային յուղեր, օճառ մակերեսային ակտիվ օրգանական միջոցներ, փայտ և փայտից պատրաստված իրեր, թուղթ, շաքար, կակաո, ապակի, դեղագործալան ապրանքներ և այլն:

Նշենք նաև, որ ներկայումս Հայաստանում լեհական կապիտալով գործում է 12 ընկերություն:

Placeholder
Հայ-լեհական գործարար համաժողով՝ Երևանում