Կոչ ջահերով երթի մասնակիցներին` Ծիծեռնակաբերդում չվառել մոմերը
Օրվա թեմա
14:50 23/04/2013

Կոչ ջահերով երթի մասնակիցներին` Ծիծեռնակաբերդում չվառել մոմերը

Հայոց ցեղասպանության թանգարան -ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը կոչ արեց այսօր նախատեսված ջահերով երթի մասնակիցներին` հարգալից վերաբերվել Ծիծեռնակաբերդի  հուշահամալիրին և այնտեղ մոմեր չվառել:

«Իմ հորդորն է ջահերով երթի այսօրվա մասնակիցներին: Թող որևէ մեկը թույլ չտա իրեն որևէ գործողություն, ինչի հետևանքով կտուժի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մաքրությունը և անվտանգությունը: Մենք իրավասություն չունենք որևէ մեկին զրկելու իր հարգանքի տուրքը մատուցելու ցանկությունից, բայց ի պաշտոնե մեր վրա դրված են նաև հուշահամալիրի անվտանգության աշխատանքները: Ցավոք սրտի, ամեն ապրիլի 24-ի առավոտյան մենք այդ երթի հետևանքներ ենք մաքրում»,- panorama.am-ի լրագրողին ասաց Հայկ Դեմոյանը:

Նա  նշեց, որ թե այսօր և թե ապրիլի 24-ին ամբողջ օրը ՀՀ ոստիկանության աշխատակիցները կապահովեն կարգուկանոն, իսկ Երևանի քաղաքապետարանի և թանգարանի աշխատակիցներն էլ հետևելու են հուշահամալիրի մաքրությանն ու անվտանգությանը:

Նա նաև դժգոհություն հայտնեց, որ ամեն տարի, անկախ հորդորներից, Ծիծեռնակաբերդում նույն իրավիճակն է տիրում:«Ցավոք սրտի, այսօր մեր հուշարձանի տարածքը մի փոքր անմխիթար վիճակում է` հենց մոմերի պատճառով», - ասաց  թանգարան-ինստիտուտի տնօրենը:

Placeholder
Կոչ ջահերով երթի մասնակիցներին` Ծիծեռնակաբերդում չվառել մոմերը