Պ. Ավետիսյան. ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը լաբորատորիայի կարիք ունի
Կրթություն, գիտություն
15:00 23/04/2013

Պ. Ավետիսյան. ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը լաբորատորիայի կարիք ունի

«Գիտության զարգացման համար առաջին պայմանը ենթակառուցվածքների ստեղծումն է: Չանենք դա, հետ ենք մնալու մեր հարևան երկրներից: Այդ առումով Գիտության ազգային ակադեմիայի բոլոր ինստիտուտներն էլ խնդիրներ ունեն»,- ԳԱԱ տարեկան ժողովի ժամանակ ելույթում ասաց ԳԱԱ Հնագիտության և ազզագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը: Այնուհետև նա օրինակ բերեց կոնկրետ իրենց ինստիտուտը, որը հնագիտական լաբորատորիայի կարիք ունի:

«Անցած տարի ինստիտուտը 30 դաշտային հետազոտական ծրագիր է իրականացրել, որից 13-ը միջազգային ծրագրերի շրջանակներում: Հսկայածավալ աշխատանք է կատարվում, հսկայական նյութ է հավաքվում ուսումնասիրության համար: Սակայն չունենք լաբորատորիա»,- դիմելով ժողովին ներկա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին՝ ասաց նա:

Պ. Ավետիսյանը նշեց, որ իրենք ունեն կազմած ծրագիր. հենց ինստիտուտի շենքում կարող են ստեղծել այդ լաբորատորիան՝ 8 սենյակով, իսկ սարքավորումներ ձեռք կբերեն միջազգային ծրագրերով: Ուղղակի, ըստ նրա, անհրաժեշտ է, որպեսզի շենքը վերանորոգվի:

«Մեր ծրագրերն ընդլայնվում են, հետազոտությունների քանակը շատ ավելի մեծ է, քան մեր ֆիզիկական հնարավորությունները»,-  եզրափակեց Պ. Ավետիսյանը:

Placeholder
Պ. Ավետիսյան. ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը լաբորատորիայի կարիք ունի