Վարչապետը` ԿԳ փոխնախարարին. «Շտեմարաններով բիզնես անելը ճիշտ չէ»
Կրթություն, գիտություն
12:00 25/04/2013

Վարչապետը` ԿԳ փոխնախարարին. «Շտեմարաններով բիզնես անելը ճիշտ չէ»

«Բազմաթիվ քաղաքացիներ ինձ հարցնում են`ինչո՞ւ դասագրքերը էլեկտրոնային եղանակով հասանելի չեն»: ՀՀ կառավարության այսօրվա նիստում դիմելով ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանին` հարցրեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Վարչապետի խոսքերով` իրենք ցանկանում են դպրոցներում անցնել համակարգչային դասապրոցեսների, բայց պարզվում է` դասագրքերը էլեկտրոնային եղանակով հասանելի չեն աշակերտներին:

Պատասխանելով վարչապետի հարցին` Կարինե Հարությունյանը նշեց, որ նախարարությունն ունի կրթական պորտալ, որում դասագրքերի բոլոր տարբերակները տեղադրված են: «Նոր ծրագիր է իրականացվում, թվայնացված դասագրքերը տեղակայված են լինելու աշակերտներին ապագայում հատկացվելիք համակարգիչներում, այսինքն, անգամ ինտերնետի հասանելիության խնդիր չի լինելու»,- ասաց Կ.Հարությունյանը:

Նա նաև նշեց, որ վերանշյալ պորտալից քաղաքացիները կկարողանան օգտվել անվճար:
Վարչապետը փոխնախարարին ասաց, որ ընդունելության քննությունների շտեմարանները ևս անվճար պետք է քաղաքացիներին հասանելի լինեն: «Դրա վրա բիզնես անելը ճիշտ չէ»,- նշեց Տ.Սարգսյանը և հարցրեց Կ. Հարությունյանից, թե ինչո՞ւ շտեմարանները դեռևս հասանելի չեն քաղաքացիներին:

Ի պատասխան` փոխնախարարը նշեց, որ դեռևս տեղյակ չէ` դրանք հրատարակվել են, թե ոչ: Տիգրան Սարգսյանը հանձնարարեց խնդիրը քննարկել նախարարությունում և գտնել արագ լուծումներ:
Վարչապետը հանձնարարեց փոխնախարարին, որպեսզի այդ մասին անհրաժեշտ տեղեկատվությունը ներկայացվի հանրությանը:

ՀՀ վարչապետի խոսքով, իրեն բազմաթիվ քաղաքացիներ հարցրել են նաև` ինչու դասագրքերն էլեկտրոնային եղանակով հասանելի չեն աշակերտներին:

Placeholder
Վարչապետը` ԿԳ փոխնախարարին. «Շտեմարաններով բիզնես անելը ճիշտ չէ»