Մամուլի ազատության հարցում առաջնթաց է արձանագրվել, բայց շեշտադրումները հստակ չեն. Բորիս Նավասարդյանը` ամերիկյան զեկույցի մասին
Քաղաքական
15:25 26/04/2013

Մամուլի ազատության հարցում առաջնթաց է արձանագրվել, բայց շեշտադրումները հստակ չեն. Բորիս Նավասարդյանը` ամերիկյան զեկույցի մասին

 Հայաստանում մամուլի ազատության վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության զեկույցում մեծ մասամբ կրկնվում են նախորդ տարիների ձևակերպումները, սակայն կա երկու ոլորտ, որոնց ուղղությամբ արձանագրվել է որոշակի առաջընթաց՝ նախընտրական քարոզչության օբյեկտիվ լուսաբանումը հեռարձակվող լրատվամիջոցների կողմից և զրպարտության ու վիրավորանքի համար դատական հայցերի քանակի նվազումը: Այս մասին անդրադառնալով Հայաստանում մամուլի ազատության վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարույան զեկույցում տրված գնահատականներին և համեմատելով դրանք նախորդ տարիների զեկույցների հետ, Panorama.am-ի հետ զրույցում նշեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

Նա միաժամանակ նկատեց, որ 2012թ.-ի մասին զեկույցում մամուլի ազատության վերաբերյալ առանձնահատկությունները ճիշտ ակցենտավորված չեն, որպեսզի դրական և բացասական առումով 2012թ-ի տարբերությունները նախորդ տարիների համեմատ ավելի պարզ և ընկալելի լինեն:

«Եթե ես կազմեի զեկույցը, ավելի կհստակեցնեի այն մասը, որը վերաբերում է զրպարտության և վիրավորանքի համար դատական հայցերի խնդրին: Թեև այդ հայցերը քիչ չէին, սակայն համեմատած 2011թ.-ի հետ դատական որոշումները ավելի մոտ էին իրավագիտական նորմերին և միջազգային մոտեցումներին: Մյուս գնահատականները կարելի է ընդունել, որովհետև անվիճարկելի են այն բոլոր քննադատական խոսքերը, որ արված են»,- ասաց Բ. Նավասարդյանը:

Վերջինս զեկույցում առկա այդ ոչ հստակ շեշտադրումները պայմանավորեց զեկույցի կառուցվածքով և որևէ խնդրի վերաբերյալ տարբեր պարբերություններում առկա գնահատականների որոշակի հակասություններով:

«Մի կողմից ասվում է, որ կարծիքների բազմազանություն չկա, մյուս կողմից ասվում, որ տպագիր լրատվամիջոցները ներկայացնում են տարբեր քաղաքական հայացքներ, ուղղակի ամեն մեկը սեփականատարերի և ինչ-որ քաղաքական ուժի կարծիքն է ներկայացնում: Եթե առանձին-առանձին դիտարկենք այդ պարբերությունները, ապա կարելի է նույնիսկ հակասություն տեսնել: Պարզապես տեքստի կառուցվածքի առումով եթե ակցենտներն ավելի ճիշտ դրված լինեին, ավելի հասկանալի կլիներ: Հետևաբար այս զեկույցում ամբողջ վերլուծությունը պակաս օգտակար է դառնում ընթերցողի համար, քան կարող էր լինել»,- ընդգծեց նա:

Հարցին, թե դա ինչո՞վ է պայմաանավորված է, Բ. Նավասարդյանը պատասխանեց, որ պատահական չէր իր կողմից զրպարտության և վիրավորանքի համար դատական հայցերի խնդրի օրինակը բերելը:

«Հենց այս ոլորտում մեզ մոտ լուրջ տարբերություն կա 2012 և 2011թթ-ի միջև: Հեռարձակվող լրատվամիջոցների կողմից ընտրությունների լուսաբանման առումով դրական տարբերությունը արտացոլված է: Սակայն այն բացասական երևույթը, որ հետընտրական շրջանում այդ նույն հավասարակշռությունը չի պահպանվում, չի արձանագրվել: Շատ կարևոր է լուսաբանման հավասարակշռությունն ապահովել ոչ միան նախընտրական շրջանում, այլև ընդհանրապես քաղաքական կյանքը լուսաբանելիս: Եթե այստեղ էլ հստակ պատկերը ներկայացվեր, նույնպես ավելի օգտակար կլիներ ընթերցողի համար: Սրանք օրինակներ են, որոնք խոսում են այն մասին, որ երևի ավելի հստակ աշխատանք է պահանջվում»,-ամփոփեց Բորիս Նավասարդյանը:

Նախորդիվ՝

 Ամերիկյան զեկույց. Ինտերնետի ազատությունը Հայաստանում և հարևան երկրներում
 
ԱՄՆ պետքարտուղարության զեկույց. Հիմնական խնդիրներից են կոռուպցիան ու արդարադատությու
նը

  Ղարաբաղյան էվոլյուցիան ամերիկյան զեկույցներում. Պետքարտուղարությունը փոխել է մոտեցումը

 Հավաքների ազատությունը մի քանի տարի առաջ սահմանափակվում էր, այժմ` հարգվում. Ամերիկյան զեկույցների համեմատություն
 

Placeholder
Մամուլի ազատության հարցում առաջնթաց է արձանագրվել, բայց շեշտադրումները հստակ չեն. Բորիս Նավասարդյանը` ամերիկյան զեկույցի մասին