Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
xxxxxxxxxxՍլովակ դոկումենտալիստ Լիբոր Շպիմարը ֆիլմ է նկարահանելու Արցախի մասին
«Հունիսի 14-16-ին Վիեննայում և Բրատիսլավայում տեղի կունենա Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի համագումարը, որը ֆինանսավորում է Գագիկ Ծառուկյան հիմնադրամը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի Եվրոպայում իրականացված հայամետ լոբբինգին ասաց Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը:
Նա նշեց, որ իրենց կազմակերպությունը 2013թ.-ը հռչակել է մշակութային ցեղասպանության դեմ պայքարի տարի:
«Մենք պահանջեցինք Լոնդոնի թանգարանից, որպեսզի այդ թանգարանում գտնվող «Հին Թուրքիա» ցուցասրահի անվանումը փոխվի և այն անվանվի «Ուրարտու՝ հնագույն Հայաստան»»,-ասաց բանախոսը:
Նրա խոսքերով, իրենք կազմակերպել են Եվրոպայում ցուցահանդես, որտեղ ներկայացված է Նախիջևանի գերեզմանատունը մինչև ադրբեջանցիների կողմից ավիրումը և ավիրումից, քանդումից հետո, ինչը մեծ ազդեցություն է թողել եվրոպացիների վրա:
«Մենք պահանջել ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ից պատվիրակություն ուղարկել Նախիջևան և տեսնել, որ հնագույն հայկական խաչքարերը քարուքանդ են արվել և խաչքարերի տեղում այժմ հրաձգարան է կառուցված»,-նշեց բանախոսը:
Բանախոսը ներկայացրեց Տաթևիկ Գրիգորյանի «Մշակութային ցեղասպանությունը» հայերեն և անգլերեն լեզվով գիրքը, որտեղ ներկայացված են Ջուղայի խաչքարերը յուրօրինակությունը և ադրբեջանցիների կողմից կազմակերպված մշակութային ցեղասպանությունը:
«Այս գրքում մշակութային ցեղասպանություն եզրը գտել է իր իրավական գնահատականը, ինչը թույլ է տալիս մեզ հետագայում Հայոց ցեղասպանաության մասին խոսելուց օգտագործել նաև մշակութային ցեղասպանություն եզրը և պահանջտատեր լինել մեր հողերին»,-ասաց Ա. Գրիգորյանը:
Նա նշեց, որ Սլովակիան եվրոպական միակ երկիրն է, որ ցեղասպանությունների, այդ թվում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ է նախատեսում:
«Թուրքերը ձայն չեն կարողանում հանել այդ օրենքի մասին, իսկ Ադրբեջանը հիմարի պես փորձում է պայքարել այդ օրենքի դեմ և դրանով օգնում մեզ»,-ասաց բանախոսը:
Ըստ նրա, Հայաստանի արտգործնախարարությունը ոչ մի խոսք չի ասել և ոչ մի տեղ չի նշել, որ Սլովակիայում գոյություն ունի այդպիսի օրենք:
«Ապրիլի 9-10-ին Հայաստանում էր Սլովակիայի արտգործնարարը և նույնիսկ այդ ժամանակ Էդվարդ Նալբանդյանը ձայն չի հանել, որ Սլովակիան ընդունել է այդպիսի օրենք»,-ասաց Գրիգորյանը:
Իր հերթին, սլովակ դոկումենտալիստ-օպերատոր, Ղարաբաղի մասին դոկումենտալ ֆիլմի հեղինակ Լիբոր Շպիմարը նշեց, որ ֆիլմը, որը ցանկանում է նկարել վերաբերվում է 1915-1923թթ.-ի Հայոց ցեղասպանությունը, Արցախի հակամարտությանը, և իր ֆիլմում ցանկանում է ներկայացնել նաև հայկական կենցաղը ու հայկական մեծ մասշտաբների հասնող հյուրասիրությունը:
«Ես մեկնելու եմ Արցախ և շարունակելու եմ այն նկարահանումները, որ սկսել եմ արդեն և նկարահանելու եմ այնտեղ գտնվող հայկական եկեղեցիները, որոնց նմանը չկա ամբողջ Եվրոպայում»,-ասաց Լ. Շպիմարը:
Նրա խոսքերով, ինքը Սլովակիայի հեռուստաընկերություններում բազմաթիվ անգամ ելույթ է ունեցել, որտեղ ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ճշմարտությունը և իր երկրի համար կարևոր է ընկալել ղարաբաղյան հակամարտության պատմությունը և հիմքը:
«Ես Ղարաբաղում լինելով համոզվեցի, որ այնտեղ չկա կրիմինալ կյանք, հանցագործ աշխարհ, բացի այդ, ես համոզվել են Արցախում լինելով, որ արցախցին ապրում է ոչ միայն նյութականով, այլ հոգևոր կյանքով»,-ասաց բանախոսը:
Ըստ նրա, Արցախը չէր լինի Արցախ, եթե չունենար այդ հրաշալի ժողովուրդը: Նրա խոսքերով, Արցախի մասին ֆիլմեր նկարահանելուց հետո իր դեմ ադրբեջանցիները հետապնդումներ են սկսվել, հարձակումներ են իրականացրել: