Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում ներկայացված են Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների հայտարարագրերը ունեցած անշարժ ու շարժական գույքի, ֆինանսական միջոցների մասին:
«Հայոց աշխարհ»-ին այդ հայտարարագրերը հետաքրքրել են երեւանցիների կենցաղային հոգսերը թեթեւացնելու տեսանկյունից: «Ճիգով հավատում ենք նաեւ, որ կուսակցություններն իրենց ֆինանսական միջոցները ներկայացնելիս դրսեւորել են անմարդկային ազնվություն ու ոչ մի լումա չեն թաքցրել:
Եվ այսպես. անցած տարվա համար ՀՀԿ-ն հայտարարագրել է մոտ քառասուն շենք եւ մոտ երեսուն հողակտոր Երեւանում եւ մարզերում: Կուսակցության եկամուտները գերազանցում են 400 մլն դրամը:
Նույն ժամանակահատվածի համար ԲՀԿ-ն հայտարարագրել է 51 անշարժ գույք Երեւանում եւ մարզերում: Այս կուսակցության ֆինանսական ներկայացրած միջոցները շուրջ 40 մլն դրամ են:
ՀԱԿ-ը հայտարարագրել է 5-ից ավելի մլն դրամ, իսկ ՕԵԿ-ը` մոտ 13 մլն: Երկու միլիոնից ավելի էլ ունի ՀՅԴ-ն: Բավարարվենք այսքանով, քանի որ «Ժառանգությունից» օգուտ չկա:
Ընթերցողը գուցե մտածի, թե ի՞նչ կապ ունեն կուսակցությունների հայտարարագրերը երեւանցիների առօրյա հոգսերի հետ: Ասենք` ամենաուղղակի: Ընդհանուր առմամբ, հայտարարագրված է շուրջ 450 մլն դրամ:
Կուսակցություններն ինչի՞ համար են. որ ունենան գաղափարախոսություն, մարդկանց «վարակեն» այդ գաղափարախոսությամբ, տանեն իրենց հետեւից եւ տանեն ուր ուզեն: Իրենք գնան իշխանության, մենք` նորից մեր տուն: Բայց եթե մեզանում ներքաղաքական ասպարեզում միայն թեթեւակի է զգացվում գաղափարախոսություն ասվածի շունչը, ուրեմն հետեւից տանելու հարց էլ չկա, որովհետեւ գնացող չկա:
Այսինքն՝ Երեւանի ավագանու ընտրությունների նախաշեմին ճիշտ ժամանակն է շեղվել քաղաքականության արահետից եւ դուրս գալ սոցիալ-տնտեսական մարդկային մայրուղի: Կուսակցությունները ոչ թե պիտի լինեն ժամանակ առ ժամանակ տեսանելի եւ անժամանակ` անհամ լսելի, այլեւ... սիրելի: Իսկ սերը ծնվում է միայն այնտեղ, որտեղ վերանում է քաղաքականությունը»: