Արտակ Շաքարյան. «ԱՄՆ-ի դատարանը չցանկացավ սեպ խրել թուրք-ամերիկյան հարաբերություններում»
Քաղաքական
11:30 30/04/2013

Արտակ Շաքարյան. «ԱՄՆ-ի դատարանը չցանկացավ սեպ խրել թուրք-ամերիկյան հարաբերություններում»

«Ամերիկացիները Թուրքիայում ունեն Ինջիրլիքի ռազմակայան և հայկական ընտանիքին պատկանող հողակտորը ներառված է այդ ռազմակայանի տարածքում և հայերը դիմել էին դատարան, որպեսզի բարոյական և նյութական փոխհատուցում ստանային հողակտորի չօգտագործման համար»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ամերիկյան դատարանի կողմից հայ ընտանիքի թուրքական կառավարության դեմ ուղղված հայցի մերժմանը ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը:

Նա նշեց, որ ԱՄՆ-ն Թուրքիայում իր Ինջիրլիք ռազմակայանը նույնպես վարձակալում է և դրա համար գումարներ է վճարում թուրքական կողմին:«Դատարանը մերժել է հայերի հայցը ընդդեմ թուրքական կառավարության, այդ հայցը համարելով քաղաքական ենթատեքստ պարունակող»,-ասաց Ա. Շաքարյանը:

Նրա խոսքերով, հայցին բացասական պատասխան տալը հայկական կողմի համար այնքան էլ լավ չէ, քանի որ հայցի մերժումը նախադեպ է ստեղծում, ինչը կդժվարացնի հետագա հայցերը ուղղված թուրքական կառավարության դեմ:

Թուրքագետը ասաց, որ այսօրվա Թուրքիայի տարածքում կան շատ հայկական կալվածքներ, բանկեր, ընկերություններ, որոնց տարածքում թուրքերը բիզնես են ծավալում: «Ադանայի կենտրոնական բանկը նախկինում հանդիսացել է հայ ավետարանչական եկեղեցուն պատկանող շենք»,-ասաց բանախոսը:

Ըստ նրա, հայցի գերնպատակը կայանում էր ոչ թե Ինջիրլիքից մի երկու կոպեկ պոկելը, այլ Հայոց ցեղասպանության և պահանջատիրության մասին բարձրաձայնելը: «Դատարանը մերժեց այդ հայցը, չցանկանալով սեպ խրել թուրք-ամերիկյան ռազմավարական հարաբերությունների մեջ»,-ասաց Ա. Շաքարյանը:

Բանախոսը նշեց, որ հայերը պետք է հայցեր ներկայացնեն նաև թուրքական դատարաններ, որպեսզի թուրքական հասարակությունը իմանա ճշմարտությունը բազմաթիվ կալվածքների, տարածքների և հողակտորների իրական տերերի մասին:

Placeholder
Արտակ Շաքարյան. «ԱՄՆ-ի դատարանը չցանկացավ սեպ խրել թուրք-ամերիկյան հարաբերություններում»