Հարավային Ուելսի խորհրդարանը միաձայն ընդունել է ասորիների, հույների և հայերի ցեղասպանությունները
Աշխարհում
11:05 01/05/2013

Հարավային Ուելսի խորհրդարանը միաձայն ընդունել է ասորիների, հույների և հայերի ցեղասպանությունները

Այսօր պատմական աննախադեպ իրադարձություն է տեղի ունեցել. ասորական համընդհանուր դաշինքի, Ավստրալիայի հունական խորհրդի և հայկական ազգային կոմիտեի պահանջով, Նոր Հարավային Ուելսի խորհրդարանը օրենսդիր խորհրդի նիստում միաձայն ընդունվել է ասորիների, հույների և հայերի ցեղասպանությունների վերաբերյալ միջնորդությունը: Այս մասին տեղեկացնում է «Assyrian International» լրատվական գործակալությունը:

«Ասորի ժողովրդի համար սա պատմական աննախադեպ պահ է: Ասորիները տարիներ շարունակ պայքարում են, որպեսզի Օսմանյան կառավարության ղեկավարության, շովինիստական կուսակցության` երիտթուրքերի կողմից 1914-1923թթ իրականացված ցեղասպանությունը միջազգային ճանաչում ստանա: Այս ճանաչումը որպես հզոր հակազդելու միջոց է հատկապես այսօրվա Թուրքիայի համար, ով դեռ անտեսում կամ բացահայտ հերքում է Օսմանյան կայսրությունում քրիստոնյա փոքրամասնությունների նկատմամբ իրականցված ցեղասպանությունները:

Իրաքում, Սիրիայում և Թուրքիայում ապրող ասորիներն անընդհատ վճարել են ցեղասպանությունը մերժելու գինը»,-նշել է ասորական համընդհանուր դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալ Հերմեզ Շահենը:

Նշենք, որ Ավստրալիայում՝ 2014 թվականից, 10-րդ դասարանի աշակերտները Հոլոքոստի հետ մեկտեղ կանցնեն նաև Օսմանյան կայսրությունում հայերի, ասորիների, հույների և այլ ոչ մուսուլման ազգերի ցեղասպանությունների և կոտորածների մասին դասեր:

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանը 1997թ. ապրիլի 17-ին ընդունել է բանաձև, որում ընդառաջելով տեղի հայ համայնքի ցանկություններին, դատապարտել է Օսմանյան կայսրության տարածքում կատարված ոտնձգությունները` որակելով դրանք որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն, ապրիլի 24-ը հայտարարել է հայ զոհերի հիշատակի օր և հայերի ցեղասպանությունը պաշտոնապես դատապարտելու կոչ է արել Ավստրալիայի կառավարությանը:

Placeholder
Հարավային Ուելսի խորհրդարանը միաձայն ընդունել է ասորիների, հույների և հայերի ցեղասպանությունները