Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Իսկ եթե մարդ աշխատանք չունի, ի՞նչ տոն». Երթի են դուրս եկել արհմիությունները
«Արժանապատիվ աշխատանք, արժանապատիվ աշխատավարձ», «Նվազագույն աշխատավարձը հավասարեցնել նվազագույն սոցիալական պահանջների», «Զբաղվածություն», «Արհմիությունների ուժը միասնության մեջ է»:
Այս պահանջներով ու կարգախոսներով քիչ առաջ Հյուսիսային պողոտա-Թումանյան խաչմերուկից մեկնարկեց Հայաստանի «Արհմիությունների կոնֆեդերացիա» արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միության մաս կազմող ճյուղային արհմիությունների, տարբեր հիմնարկների արհմիությունների անդամների երթը:
Մինչ երթի մեկնարկը հավաքվածները միմյանց շնորհավորում են, խոսում աշխատավարձերից ու աղքատավարձերից, միմյանց լավ ու արգասաբեր աշխատանք մաղթում:
Հանրապետական միության նախագահ Էդուարդ Թումասյանը հիշում է` կոմունիստների օրոք անցկացրած «մայովկաները», համեմատում այսօրվա հետ ու գալիս եզրակացության` տոնական տրամադրություն չկա:
«Առաջ մայովկա էին անում, ուրախություն էր: Մայիսի 1-ին շքերթ էր, մայիսի 2-ին քաղաքից դուրս էին գալիս, խնջույքներ էին անում: Գիտե՞ք ինչ, տոնը պետք է տոն դառնա: Իսկ եթե մարդ աշխատանք չունի, ի՞նչ տոն, նա չի էլ հիշի, որ այսպիսի բան կա: Տոնական տրամադրություն դեռ չի զգացվում, բայց ամեն տեղ չէ, որ տոնը այսպես խաղաղ ձևով է նշվում: Այսօր Հայաստանի աշխատողի համար երազանքի պես բան է`ապահով, անվտանգ, արժանապատիվ աշխատանք ունենալը ու դրա համարժեք վարձատրությունը»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Թումասյանը:
Նրա խոսքով, այսօր հայաստանցի աշխատողների մոտ եղած աշխատանքը կորցնելու վախ կա, այդ պատճառով էլ քիչ են դիմում արհմիություններին, դիմելու դեպքում էլ` խնդրում են իրենց անունները գաղտնի պահել:
«Արհմիությանը բացահայտ կերպով դիմում են այն ժամանակ, երբ ոտնահարված են իրենց իրավունքները: Այդ դեպքերում արհմիությանը պատրաստ է հասնել մինչև դատարան»,-ասաց Թումասյանը: Միության ղեկավարի խոսքով, պետական հատվածում աշխատողների իրավունքները քիչ թե շատ պաշտպանված են, իսկ մասնավոր սեկտորում, հատկապես սպասարկման ոլորտում, մարդիկ աշխատում են առանց պայմանագրի, օրինական հիմքերի:
Այսօր Թումասյանը մտահոգվում է հատկապես «Արմավիա»-ի ու Նաիրիտի աշխատակիցների ճակատագրով: Ցանկանում է, որ «հրաշք մասնագետները» չկորցնեն աշխատանքը, հակառակ դեպքում նրա կարծիքով, նրանք էլ կգնան երկրից:
Ի դեպ, «Նաիրիտ» ՓԲԸ-ի արհմկոմի նախագահ Հրաչ Թադևոսյանը, ով ևս մասնակցում էր երթին, հայտնեց, որ աշխատավարձի վճարման խնդիրը ճիշտ է կարգավորել բանակցությունների միջոցով, քանի որ այսօր ֆինանսներ չկան, իսկ դատարան դիմելուն կհաջորդի գործարանի սնանկացումը: «Մեր հիմնական նպատակը գործարանի վերագործարկումն է»,-ասաց Թադևոսյանը:
Հայաստանի պետական բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Գառնիկ Վաղարշակյանը Panorama.am-ի հետ զրույցում նկատեց, որ եթե բողոքում ու պահանջներ են ներկայացնում եվրոպական երկրների աշխատողները, ապա մենք լռելու իրավունք չունենք:
«Աշխատավոր մարդը պետք է կարողանա բերկրանք ստանալ իր աշխատանքից: Գաղտնիք չէ, որ գործազրկության մեծ թիվ ունենք, մեծ արտագաղթ ունենք ու բևեռացված հասարակություն ունենք, մենք չենք կարող հանդուրժել այն վիճակը, երբ մարդը մի քանի ամսվա աշխատավարձ չի ստանում: Հետաքրքրիր է, երբ իշխանությունները մեկ ամսվա աշխատավարձ չստանան, կկարողանա՞ն պարզ ճակատով նայել իրենց ընտանիքի անդամներին: Այսօր արհմիությունների կոնֆեդերացիան բարեփոխված գործողություններով ուզում է առաջնահերթություն դարձնի աշխատավոր մարդու անմխիթար վիճակը»,-ասաց Վաղարշակյանը:
Երթին մեծ ոգևորությամբ նախապատրաստվել էր հատկապես Բանկերի և ֆինանսավարկային հիմնարկների աշխատողների արհմիությունը` վերնաշապիկներ, գլխարկներ, դրոշակներ: Արհմիության նախագահ Լաուրա Հակոբյանի խոսքով, բանկային համակարգի աշխատակիցներն էլ ունեն խնդիրներ: Նրա խոսքով, պետք է կառուցողական մոտեցմամբ վեր հանել խնդիրներն ու դրանց լուծումներ տալ:
«Ի պատիվ մեր բանկային համակարգի ղեկավարների, պետք է ասեմ, որ նրանք սկսել են լուրջ վերաբերվել խնդրին, եթե նախկինում չէին լսում մեր ձայնը, ապա այսօր լսում են, փորձում են համագործակցել` խնդիրների լուծման համար»,-ասաց Լ. Հակոբյանը:
Նշենք, որ երթի մասնակիցները Հյուսիսային պողոտայով շարժվեցին դեպի Հանրապետության Հրապարակ, այնուհետև Վ.Սարգսյան փողոցով դեպի Շահումյանի անվան հրապարակ ու ՀԱՄԿ-ի շենք: