Աբրահամյանը կարգուկանոն է մտցնում ԱԺ-ում. Կպատժվի նաև … Ծառուկյանը
Քաղաքական
15:15 02/05/2013

Աբրահամյանը կարգուկանոն է մտցնում ԱԺ-ում. Կպատժվի նաև … Ծառուկյանը

«Ես չեմ բարկացել, ես ուղղակի պատգամավորներին հիշեցրել եմ, որ իրենք պարտավոր են մասնակցել Ազգային ժողովի նիստերին»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` պատասխանելով ԱԺ դահլիճում այսօրվա կատարվածի վերաբերյալ հարցին:

Հիշեցնենք` Աբրահամյանը այսօր ԱԺ դահլիճում բարկացած տոնով նկատողություն էր արել ԱԺ նիստերից բացակայող պատգամավորներին և հորդորել առաջնորդվել ԱԺ կանոնակարգ օրենքով, չբացակայել նիստերից ու նիստերի ժամին չքայլել միջանցնքերում: Նա նաև հանձնարարել էր քարտուղարությանը ներկա-բացակա կատարել պատգամավորներին ու բացակայող պատգամավորի անունները հրապարակել լրատվամիջոցներով:

ԱԺ նախագահն ասաց, որ Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի այս փուլում ըմբռնումով է մոտենում պատգամավորների բացակայություններին: «Պատգամավորների մեծ մասն ընդգրկված են այդ քարոզարշավին: Քանի որ քարոզարշավը մոտենում է ավարտին, մենք այս անգամ էլ ներողամիտ կլինենք, բայց հաջորդ նիստերին ինչ որ պայմանավորվել ենք, ես իրագործելու եմ»,- աասց նա` ընդգծելով, որ հենց այսօրվանից նիստերին մասնակցող պատգամավորների անունները լինելու են ԱԺ պաշտոնական կայքում:

Հարցին, թե ուշացած չէ՞ այս կարգուկանոնը, Աբրահամյանը պատասխանեց, որ կարգուկանոն միշտ եղել է, հիմա ուզում են ավելի խստացնել: «Ես ֆրակցիաների ղեկավարների հետ կքննարկեմ, և եթե այլ ձևաչափում չկարողնանք պայմանավորվածություն ձեռք բերել, կփորձենք հարցերը քննարկելուց հետո կազմակերպել քվեարկություն»,- հավելեց նա: Բացի անունների հրապարակումից, բացակայող պատգամավորներին կպատժեն նաև աշխատավարձերից զրկելու միջոցով, ինչպես նաև պատվիրակությունների կազմում չեն ընդգրկի, գործուղումների չեն ուղարկի:

«Համզոված ենք, որ բացակայողները մեծ թվով պատգամավորներ չեն լինի: Հիմա տեսեք՝ 115-120 պատգամավոր մասնակցում են նիստերին, դա նորմալ է»,- ասաց նա:

Լրագրողները հետաքրքվեցին՝ արդյոք Գագիկ Ծառուկյանը կզրկվի՞ աշխատավարձից, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Անկախ անունից ու ազգանունից, ով չմասնակցի, չի ստանալու»:

Նախորդող հրապարակում. Հովիկ Աբրահամյանը բարկացավ պատգամավորների վրա

Placeholder
Աբրահամյանը կարգուկանոն է մտցնում ԱԺ-ում. Կպատժվի նաև … Ծառուկյանը