Ռ.Հակոբյան. Ակնկալում եմ, որ դաշինքը ծանրակշիռ ներկայացվածություն կունենա Երևանի ավագանիում
Քաղաքական
11:33 03/05/2013

Ռ.Հակոբյան. Ակնկալում եմ, որ դաշինքը ծանրակշիռ ներկայացվածություն կունենա Երևանի ավագանիում

Արդյո՞ք «Ժառանգությունը» փետրվարի 18-ից հետո չի կորցրել իր ընտրազանգվածը, որից էլ կտուժի «Բարև Երևան» դաշինքը մայիսի հինգին կայանալիք ընտրություններում:

«Դա լուրջ քաղաքական վերլուծության խնդիր ունի: Ստացվեց հետևյալը` ընդդիմադիր էլեկտորատը անտեր մնաց և շատ-շատ ուժեր, որոնք տարիներ շարունակ պնդում էին, որ պետք է փոխել իշխանությանը, այդուհանդերձ բերեցին իշխանության վերարտադրմանը: Եվ Րաֆֆի Հովհաննիսյանը դարձավ այդ էլեկտորատի թեկնածուն»,- ԱԺ-ում ավանդական ճեպազրույցի ժամանակ արձագանքելով հարցին հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Նա խոստովանեց, որ իրենք ևս մարտավարական սխալներ են թույլ տվել, և ապրիլի 9-ին էլեկտորատը կորցրել են, քանի որ էլեկտրոատը ուղղակի բազմաշերտ էր և ամենքը, ըստ Ռ.Հակոբյանի, այդ ճանապարհին «իջավ իր կանգառում». «Չեմ կարծում, որ հիասթափվել են, ուղղակի ամեն մեկը կարծում էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանը իրենց ուզածը պետք է անի»,- ավելացրեց նա:

Ինչ վերաբերում է հարցին, թե որքանո՞վ է իր սպասելիքները ընտրություններից և քանի տոկոս կհավաքի «Բարև Երևանը» մայիսի հինգին, Ռ.Հակոբյանը հրաժարվեց կանխատեսում անել` ընդգծելով, որ հարցին կպատասխանի երկու օր անց. «Ես ակնկալում եմ, որ դաշինքը ծանրակշիռ ներկայացվածություն կունենա Երևանի ավագանիում»,- միայն նշեց նա:
 

Placeholder
Ռ.Հակոբյան. Ակնկալում եմ, որ դաշինքը ծանրակշիռ ներկայացվածություն կունենա Երևանի ավագանիում