Աջափնյակում հաշմանդամություն ունեցող անձանցից խլել են քվեարկելու իրավունքը
Քաղաքական
09:42 05/05/2013

Աջափնյակում հաշմանդամություն ունեցող անձանցից խլել են քվեարկելու իրավունքը

Ամեն ընտրությունից առաջ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հասարակական բազմաթիվ կազմակերպություններ բարձրաձայնում են, որ ընտրական գործընթացում ոտնահարվում են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները: Այն է` ընտրատեղամասերը հարմարեցված չեն անվասայլակների համար, չկան հատուկ քվեաթերթիկներ տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար և այլն:

Թե’ անցած տարի խորհրդարանական ընտրությունների, թե’ փետրվարյան նախագահական ընտրությունների ժամանակ նկատել էինք, որ Աջափնյակի թիվ 22 դպրոցում տեղակայված թիվ 6/34- 6/35 ընտրատեղամասերի մուտքը հասանելի է հաշմանդամություն ունեցող անձանց համար` առկա է թեքահարթակ: Որքանով էր այն հարմար անվասայլակի համար` այլ խնդիր է: Սակայն այսօր առավոտյան այցելելով նշված ընտրատեղամասեր նկատեցինք, որ այս անգամ թեքահարթակը բացակայում էր:

Ընտրատեղամասում որևէ մեկը այդպես էլ չկարողացավ բացատրել, թե ինչու է բացակայում թեքահարթակը: Եվ այդպես էլ անհասկանալի մնաց` 17-րդ թաղամասում հաշմանդամություն ունեցող անձինք չկան (Աստված տա), թե այդ մարդկանց ուղղակի դուրս են թողել Երևանի ավագանի ընտրելու գործառույթից, քանի որ մինչ այսօր, ինչպես ցույց է տվել ժամանակը, որևէ քաղաքապետ լիարժեք չի մտահոգվել ու քայլեր չի ձեռնարկել հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծման և առհասարակ` նրանց առօրյան հեշտացնելու և իրենց լիարժեք քաղաքացի զգալու ուղղությամբ:

 

Placeholder
Աջափնյակում հաշմանդամություն ունեցող անձանցից խլել են քվեարկելու իրավունքը