«Բարև Երևան»-ը վերցնում է մանդատները. Խոսում են մեկ ինքնաբացարկի մասին
Քաղաքական
12:05 14/05/2013

«Բարև Երևան»-ը վերցնում է մանդատները. Խոսում են մեկ ինքնաբացարկի մասին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը «Բարև Երևան» դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկված որևէ թեկնածուից ինքնաբացարկի դիմում չի ստացել:

Դաշինքը որոշել է վերցնել իրեն պատկանող մանդատները: Այս մասին Panorama-ին հայտնեց դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանը, ավելացնելով, որ այսօր վարչական դատարանը կքննի` ԿԸՀ որոշումը անվավեր ճանաչելու վերաբերյալ իրենց դիմումը:

«Փաստինֆո» գործակալությանը «Բարև Երևան» դաշինքի ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ «Բարև Երևան» դաշինքի ընտրական ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող «Մելտեքս» ՍՊԸ տնօրեն, անկուսակցական Մեսրոպ Մովսեսյանը հայտնել է ավագանու մանդատից հրաժարվելու իր մտադրության մասին: Նրա փոխարեն ավագանու մանդատ կստանա ընտրական ցուցակի 7-րդ հորիզոնականը զբաղեցնող Դավիթ Սանասարյանը:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրություններում քվեարկության արդյունքերով ավագանիում դաշինքը կունենա 6 անդամ:
Այսպիսով, Երևանի ավագանիում «Բարև Երևան» խմբակցության կազմում ընդգրկված կլինեն ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը («Ժառանգություն»), Անահիտ Բախշյանը («Ժառանգություն»), Ստյոպա Սաֆարյանը («Ժառանգություն»), Գագիկ Բաղդասարյանը (անկուսակցական), Արթուր Գասպարյանը (ԺՈՒԿ), Դավիթ Սանասարյանը («Ժառանգություն»):
Նշենք, որ ԿԸՀ-ն ստացել է ԲՀԿ համամասնական ցուցակի 113 թեկնածուների, ՀՀԿ ցուցակի` 21 թեկնածուի ինքնաբացարկի դիմումներ` վավերացված նոտարական կարգով:

Նախորդող հրապարակում`
Վաղը պարզ կլինի` ովքեր կստանան ավագանու անդամի մանդատներ 

Placeholder
«Բարև Երևան»-ը վերցնում է մանդատները. Խոսում են մեկ ինքնաբացարկի մասին