Սերգեյ Դանիելյան. Նախագահին նամակ գրելու ժամանակներն անցել են
Մշակույթ
13:52 14/05/2013

Սերգեյ Դանիելյան. Նախագահին նամակ գրելու ժամանակներն անցել են

Դերասան Սերգեյ Դանիելյանը չի դիտել ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավետիքյանի բեմադրած «Անուշ» օպերան, բայց չի ընդունում Հայաստանի մի շարք մտավորականների քայլը, ովքեր նամակով դիմել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին` խնդրանքով, որպեսզի արգելվի օպերայի ցուցադրությունը Ֆրանսիայում:
Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում հայ հանդիսատեսի դատին է հանձնվելու «Անուշ» օպերայի նոր բեմադրությունը` գրված Արմեն Տիգրանյանի օպերայի հիմնան վրա` ըստ Հովհաննես Թումանյանի պոեմի: Բեմադրության և լիբրետոյի հեղինակը ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավետիքյանն է: Փարիզում «Անուշը» հանդիսատեսի դատին կհանձնվի մայիսի 22-26-ը:

«…Դիտելով 1 ժամ 40 րոպե տևող ներկայացումը` այն տպավորությունն ես ստանում, որ բեմադրիչի համար Հովհաննես Թումանյանը լոկ սովորական մի լիբրետոյի հեղինակ է, իսկ Արմեն Տիգրանյանը գրել է մի պարզունակ ու անհաջող մյուզիքլ, որը ոմն Ա.Սիմոնյան գործիքավորել է և վերամշակել` խախտելով հարմոնիայի և գործիքավորման անգամ տարրական կանոները: Իսկ ինչ-որ մեկն էլ Թումանյանի գրածը փոխել ու ինքն է գրել… Օպերային արվեստում կարևոր տեղ է գրավում կերպարը: Մինչդեռ ավետիքյանական բեմադրությունը զուրկ էր կերպարներից: Բացակայում է սյուժետային հենքը: Ներկայացումը զուրկ է դրամատիկ զարգացումից, իսկ նվագախումբն իր խղճուկ, հազիվ լսելի ձայներով ոչ միայն չի աջակցում դրամատուրգիայի զարգացմանը, այլև հակառակը` այն վերածում է մոնոտոն հնչյուններ արտաբերող կույտի: «Նորամուծություններից» է շվիի, դուդուկի և դհոլի օգտագործումը, մինչդեռ ոչ ոք իրավունք չունի նման միջամտության: Ժամանակակից բեմադրությունն ակնկալում է ձևավորման, հագուստների, բայց ոչ հեղինակային տեքստի, երաժշտության կտրտելն ու աղավաղելը»,- նշված է նամակում:

«Նամակ գրելու ժամանակներն անցել է: Չեմ կարծում, որ բոլոր հարցերին պետք է նախագահը խառնվի: Զարմանալի է, որ տեղն եկած ժամանակ արվեստագետները սկսում են, թե նախագահը լեգիտիմ չէ, տեղն եկած պահը եկեք նամակ գրենք»,- ասաց դերասանը` հավելելով, -«Ասում են` արգելեք, որ դուրս գա, որ մեր մշակույթն այդ բեմադրությամբ ներկայանա: Լավ, արեք դրանից լավ»: Նրա դիտարկմամբ, ընդհանրապես չպետք է արվեստը տեսնել քառակուսի, իսկ նրանք, ովքեր այդպես են տեսնում` «մառազմը խփել է»:

Ի՞նչն է նամակը ստորագրողներին հունից հանել: «Մարդիկ միշտ ապրել են որևէ տարածքում, այդ տարածքը քանդվում է: Ցավալի է, որ տեսնում ես քո ստեղծածը քանդվում է: Դու սկսում ես մի ձև պահել: Ես իրանց հասկանում եմ մարդկայնորեն, բայց դրա դեմ պետք է պայքարել ոչ թե գրելով, այլ ստեղծել նորը»,- ասաց Սերգեյ Դանիելյանը:

Նախորդող նորություն`
«Նոր» «Անուշ»-ը մուլտիդիսցիպլինար ներկայացում է… Չի մոռացվել ծագումը

Placeholder
Սերգեյ Դանիելյան. Նախագահին նամակ գրելու ժամանակներն անցել են