Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Էպոսագետ» Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը չի պատրաստվում իր պաշտպանյալի կալանքը փոխելու մասին միջնորդություն ներկայացնել դատարանին: «Մերժվելու է 100 տոկոս, մենք քանի էս աբսուրդ մեղադրանքն ունենք, մերժվելու է», այսօր մեկնարկած և կարճ տևած նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը:
Բայց մի բան Սիրունյանը հստակ որոշել է` հաջորդ նիստին բացարկ է հայտնելու դատարանում գործով դատախազ Արամ Ամիրզադյանին: «Դատախազության մասին օրենքի 25-րդ հոդվածն ասում է, որ քրեական վարույթ իրականացնող դատախազն անփոփոխ է, իսկ քրեական գործի նախաքննությունը ղեկավարել է և հսկել դատախազ Հովսեփ Սարգսյանը, ընդ որում դատախազության մասին օրենքը ոչ միայն չի նախատեսում դատախազ փոխելու մեխանիզմ, այլ արգելում է», -առաջիկայում հայտնելիք բացարկի մասին որոշումը բացատրեց Ալեքսանդր Սիրունյանը:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «էպոսագետ» Վարդան Սեդրակյանի և նույն գործով Խաչատուր Պողոսյանի ու Սամվել Հարությունյանի այսօր մեկնարկած դատավարությունը կարճ տևեց. Խաչատուր Պողոսյանը պաշտպան չուներ: Դատավոր Գագիկ Պողոսյանի որոշմամբ, դատական նիստը հետաձգվեց մինչև մայիսի 20-ը` հնարավորություն տալով Պողոսյանի պաշտպանության գործին ներգրավվել Հանրային պաշտպանի գրասենյակից որևէ փաստաբանի:
Նշենք, որ Վարդան Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, առաջադրվելով 2013 թվականի փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում ՀՀ Նախագահի թեկնածու, քարոզարշավի րնթացքում, իր մտերիմներ Սամվել Հարությունյանին և Խաչատուր Պողոսյանին 2013 թվականի հունվարի սկզբներին պատվիրել է «Ազգային Ինքնորոշում Միավորում» կուսակցության առաջնորդ, ՀՀ Նախագահի մեկ այլ թեկնածուի, քաղաքական գործիչ Պարույր Արշավիրի Հայրիկյանի սպանությունը, նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով, որն իրականացնելու նպատակով զենք ձեռք բերելու համար հանցակիցներին է տվել 1000 ԱՄՆ դոլար, ինչը Խաչատուր Պողոսյանը և Սամվել Հարությունյանը հավասարապես կիսել են միմյանց միջև։ Սակայն ծրագրված հանցագործությունն իրականացնելու համար Խաչատուր Պողոսյանն օգտագործել է իր կողմից 1995-1996 թվականներին ապօրինի կերպով ձեռք բերված և պահված 1941թ. գործարանային արտադրության 7,62մմ տրամաչափի «HG 201» համարի «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակը։
«Էպոսագետի» նիստը դեռ չմեկնարկած հետաձգվեց. Սեդրակյանը բարձր տրամադրություն ուներ (լուսանկարներ)
Եթե Հայրիկյանը լավ բուժվեց, կմասնակցի դատական նիստերին