Մարգվելաշվիլին շարունակելու է Վրաստանի եվրաատլանտյան քաղաքական գիծը
Քաղաքական
10:45 15/05/2013

Մարգվելաշվիլին շարունակելու է Վրաստանի եվրաատլանտյան քաղաքական գիծը

Նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում «Վրացական երազանք» դաշինքի թեկնածու, գործող կառավարության փոխվարչպետ և կրթության նախարար Գեորգի Մարգվելաշվիլին կշարունակի «ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամագրման Վրաստանի որդեգրած քաղաքական գիծը»: Այս մասին, «apsny.ge» կայքի փոխանցմամբ, նախարարն հայտնել է «Ռուսատավի 2» հեռուստաընկերությանը տված հացարզրույցում:

Նրա խոսքերով, «Վրաստանի համար կարևորագույն խնդիր է հանդիսանում Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների կարգավորումը և այդ հարցում անհրաժեշտություն է Վրաստանի կողմից Ռուսաստանի հետ խելամիտ երկխոսության համար հնարավորություններ ստեղծելը»:

Հիշեցնենք, տեղեկատվությունն այն մասին, թե «Վրացական երազանք» դաշինքի նախագահական թեկնածուն հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին լինելու է Գեորգի Մարգվելաշվիլին, հրապարակել էր վարչապետ Բիձինա Իվանիշվիլին: Վերջինս բարձր էր գնահատել նախարարի մասնագիտական և անձնական որակները և հույս հայտնել, թե ընտրություններում Մարգվելաշվիլին կհաղթի առաջին իսկ փուլում:

Վրաստանի նախագահ Միխեյիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահական թեկնածուն ընդեռևս հայտնի չէ:

Placeholder
Մարգվելաշվիլին շարունակելու է Վրաստանի եվրաատլանտյան քաղաքական գիծը