Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիր». «Վստահության հույս՝ գիտական ոլորտ ներխուժող երիտասարդների համար»
Հայաստանի նախագահի հովանու ներքո իրականացվող «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» ֆինանսավորումը հաջորդ տարի կրկնապատկվելու է՝ 100 միլիոն դրամից դառնալու է 200 միլիոն դրամ: Գումարի բարձրացումը կատարված աշխատանքից գոհ լինելու արդյունք է: Այս մասին երկրի ղեկավարին ծրագրի գործունեությունն ու ընթացիկ հաշվետվությունը ներկայացնելուց հետո ասաց ԵՊՀ երիտասարդ գիտնականների միավորման նախագահ, «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» ղեկավար մարմնի պատասխանատու քարտուղար Կառլեն Խաչատրյանը:
Ծրագրի ղեկավարները նախագահին ներկայացրել են մեկ տարվա ընթացքում կատարած աշխատանքի հաշվետվություն: Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի գիտության առաջընթացին և կադրային ներուժով համալրման գործընթացին, ինչպես նաև աջակցել հանրապետության երիտասարդ գիտնականների ստեղծագործական զարգացմանը: Կ. Խաչատրյանի ներկայացմամբ, ծրագիրն ունի չորս հիմնական ուղղվածություն՝ երիտասարդ գիտնականներին միջազգային գիտաժողովների ֆինանսական աջակցության տրամադրում, տեղում կազմակերպել երիտասարդ գիտնականների գիտաժողովներ, սիմպոզիումներ, դպրոցներ, գիտական դրամաշնորհների տրամադրում, մրցանակաբաշխության կազմակերպում:
«Ներկայացված հաշվետվությունից նախագահն ընդհանուր առմամբ գոհ էր, հիմնական շեշտադրումը կատարվեց արդյունքների չափելիության վրա և պայմանավորվեցինք հաջորդ տարվա համար մշակել հստակ արդյունավետության գնահատման չափանիշ»,- ասաց Կ. Խաչատրյանը:
ԳԱԱ երիտասարդ գիտնականներ խորհրդի նախագահ, Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմնի անդամ Գևորգ Վարդանյանի խոսքով, բավականին լայն քննարկում է տեղի ունեցել: «Նախագահի կողմից հիմնական շեշտադրումը դրվեց, թե արդյոք նպատակահարմար է այս ծրագիրը, արդյոք հնարավոր չէ մշակել այնպիսի չափորոշիչներ, ծրագրեր, որոնք կոնկրետ արդյունք կտան»,-նշեց նա: Երիտասարդ գիտնականի դիտարկամբ, քանի որ ֆինանսավորման գումարը կրկնապատկվելու է, իրենք էլ պետք է նոր ծրագրեր մշակեն: «Ըստ իս, ավելի շատ շեշտը պետք է դրվի այնպիսի ծրագրերի վրա, որոնք կունենան կոնկրետ արդյունք, կբերեն կոնկրետ նոր ֆինանական ծավալների ավելացում: Ըստ իս, դա պետք է անել նաև միջազգային գիտական կազմակերպությունների հետ համագործակցելու տեսանկյունից»,- ասաց Գ. Վարդանյանը:
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտորի օգնական Հայկ Մամիջանյանի խոսքով, ծրագիրը լուծում է մի քանի կարևոր խնդիրներ. «Գումարը տրամադրվում է երիտասարդներին, երիտասարդները տնօրինում են երիտասարությանը տրամադրվող գումարը: Դա վստահություն է, որը մեզ տրվեց և վստահեցնում եմ, որ սեփական միջոցներ ծախսելը շատ ավելի դյուրին է, քան պետական: Երկրորդ՝ գիտական ոլորտ ներխուժող երիտասարդների համար վստահության հույս է. երիտասարդը, որը բուհն ավարտելով որոշում է զբաղվել գիտությամբ, գիտի, որ նախագահի կողմից խրախուսվող ուղղություն է»:
2012 թ հուլիսից մինչև 2013 թ. ապրիլ, մրցութային հիմունքներով երիտասարդ գիտնականների միջազգային գիտական գործուղումների համար ֆինանսավորվել է 48 հայտ, երիտասարդ գիտնականների գիտաժողովների, սիմպոզիումների, դպրոցների, սերմինարիների կազմակերպման համար ֆինանսավորվել է 24 հայտ, հրատարակվել է «Դարերի խորքից դեպի տիեզերք» գիտահանրամատչելի գիրքը, անցկացվել է գիտական լրագրության մրցույթ, երիտասարդ գիտնականների մրցանակաբաշխություն:
Պատասխանելով այն հարցին, թե հասարակությունն ինչպե՞ս կարող է տեսնել ծրագրի արդյունքները, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանից երիտասարդ գիտնական Խաչիկ Պետրոսյանն ասաց. «Գիտությունն այնպիսի ոլորտ է, որտեղ կարճաժամկետ ներդրումներով արդյունքներ պետք է սպասել բավականին ուշ: Տվյալ պարագայում, եթե ուզում ենք շոշափելի արդյունք տեսնել, մենք պետք է սպասենք»: Ըստ նրա, կարճաժամկետ արդյունքներ կան՝ երիտասարդ գիտնականի մոտիվացիոն խնդիրների վերհանում, անձնական մոտիվացիայի բարձրացում, երիտասարդի՝ իրեն գնահատված ու ուշադրության կենտրոնում գտնվելու կարևոր պայմանի առկայություն: «Իսկ եթե մեր գիտությունը կարիք ունի երիտասարդանալու, երիտասարդ գիտնականին պահելով ուշադրության կենտրոնում, կնպաստի աշխատունակության բարձրացմանը, տեղում ամրապնդվելուն»,- հազմոված է Խ. Պետրոսյանը: