Գ. Այվազյանը Ադրբեջանի նախագահական ընտրություններում իր հիմնական մրցակիցը համարում է Ալիևին
Քաղաքական
12:50 17/05/2013

Գ. Այվազյանը Ադրբեջանի նախագահական ընտրություններում իր հիմնական մրցակիցը համարում է Ալիևին

«Ադրբեջանահայերի ասամբլեան» որոշում է ընդունել Ադրբեջանում կայանալիք առաջիկա ընտրություններում առաջադրել «Ադրբեջանահայերի ասամբլեայի» ղեկավար Գրիգորի Այվազյանի թեկնածությունը: Վերջինս ընդունել է առաջարկությունը և խոստացել է պատվով կատարել այդ առաջադրանքը: Այս մասին ասուլիսում ասաց Գ. Այվազյանը:

«Այս որոշումը մեզ հեշտ չի տրվել, սակայն արվում է Ադրբեջանի թուրքական ու հայկական համայնքների հարաբերությունների կարգավորման հրամայականից ելնելով»,- նշեց նա:

Ըստ Գ. Այվազյանի, Ադրբեջանում 1990 թվականից ի վեր բոլոր ընտրություններն անվավեր են եղել, քանի որ ադրբեջանահայերը զրկված են եղել մասնակցելու հնարավորությունից. «Եզակի հնարավորություն է ընձեռվում Ադրբեջանում կազմակերպել առաջին իրական մրցակցային ընտրությունները»:

Նա իր հիմնական մրցակիցն է համարում Ադրբեջանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիևին:

Գ. Այվազյանն ասաց, որ իրենք ունեն համախոհների մեծ թիմ ու հենց ստանա անվտանգության երաշխիքներ, անմիջապես կմեկնի Ադրբեջան:

«Եթե ինձ պաշտոնապես գրանցեն, հավասար քարոզարշավ իրականացնելու հնարավարություն ընձեռեն, վստահ եմ, որ կհաղթեմ առնվազն 60 տոկոս ձայն ստանալով: Իսկ եթե մերժեն գրանցման հայտը, Ադրբեջանը ևս մեկ անգամ կհաստատի իր ֆաշիստական բնույթը»,- նշեց բանախոսը` հավելելով, որ եթե Ադրբեջանը նորից քաղաքական դրդապատճառներով մերժի գրանցումը, ևս մեկ անգամ կխոստովանի, որ գոնե մեկ հայից այս երկրում վախենում են: Ադրբեջանի սահմանադրության համաձայն, ըստ Գ. Այվազյանի, ինքը լիարժեք իրավունք ունի մասնակցել Ադրբեջանի նախագահի ընտրություններին:

Նա նշեց, որ իրեն ընտրողներին թվին են պատկանում ադրբեջանահայ վտարանդիները, Ադրբեջանի բնիկ ժողովուրդները, որոնց երաշխավորում է լայն ինքնավարություն ընդհուպ անկախության, Ադրբեջանի ժողովրդին խոստանում է հետ վերադարձնել ռեժիմի կողմից յուրացված պետական հարստությունը:

Գ. Այվազյանն ասաց, որ իրենք ֆինանսական խնդիրներ չեն ունենա, քանի որ շատ ադրբեջանահայեր, նաև Ի. Ալիևի կլանի կողմից ստորադաս ու ճնշված վիճակում գտնվող կլանները պատրաստակամ են ֆինանսական միջոցներ տրամադրել:

Նա հայտարարեց, որ այսօր պաշտոնապես մեկնարկում է իր քարոզարշավը ու`  «մենք գալիս ենք որպես ավելի ժողովրդավարական Ադրբեջան լինի, որպեսզի ազատագրենք Ադրբեջանի բնիկ ժողովուրդներին, լուծենք ղարաբաղյան հակամարտության ու փախստականների հարցը: Գալիս ենք և կկատարենք այն, ինչ խոստանում ենք»:

«Ադրբեջանահայերը ներկայիս Ադրբեջանի կայացման, զարգացման գործում հսկայական ներդրում են ունեցել և մեր ներդրման մասին չպետք է մոռանալ, պահանջատեր ենք լինելու ու ցանկացած ճանապարհով կստանանք մեր հասանելիքը: Հաղթանակի հասնելու համար պատրաստ ենք ամեն ինչի»,- ասաց Գրիգորի Այվազյանը:

Placeholder
Գ. Այվազյանը Ադրբեջանի նախագահական ընտրություններում իր հիմնական մրցակիցը համարում է Ալիևին