Երևանում ռուսական դպրոցի տնօրեն. Կտրամադրենք նաև ՌԴ ատեստատներ, բայց 16 տարի  է`չունենք սեփական տարածք
Կրթություն, գիտություն
16:28 18/05/2013

Երևանում ռուսական դպրոցի տնօրեն. Կտրամադրենք նաև ՌԴ ատեստատներ, բայց 16 տարի է`չունենք սեփական տարածք

2014 թվականի հունվարից Հայաստանում «Սլավոնական» միջնակարգ ոչ պետական դպրոցը պաշտոնապես կստանա արտասահմանում գործող ռուսական ուսումնական հաստատության կարգավիճակ և հայաստանյան ատեստատի հետ միասին` ռուսաստանյան համապատասխան փաստաթուղթ տալու հնարավորություն: Այս մասին Panorama.am-ի լրագրողին հայտնեց ՀՀ նախագահի աշխատակազմին կից ագզային փոքրամասնությունների հարցով համակարգող խորհրդի անդամ, «Սլավոնական» դպրոցի տնօրեն Յուրի Յակովենկոն: Իսկ մինչ այդ, մեր զրույցակցի խոսքով, Հայաստանում  ռուսական համայնքի միակ ոչ կառավարական դպրոցի առջև կանգնած է հիմնական մեկ մարտահրավերը` սեփական տարածքի հարցը:

«Մենք բազմիցս ենք դիմել տարբեր ատյանների, բայց մինչ օրս այդ հարցը լուծված չէ: Մեր դպրոցը պետական ուսումնական հաստատության կարգավիճակ չունի: Քանի որ «Լեզվի մասին» օրենքն արգելում է բացել ռուսալեզու կրթական հաստատություներ, միայն` ազգային համանքներին կից, այդ պատճառով մենք 1997 թվբականին բացեցինք այս դպրոցը, սկզբում գրանցելով որպես դուստր ընկերություն, իսկ այնուհետև` վերագրանցեցինք որպես ՍՊԸ», - ասաց նա:

Յուրի Յակովենկոն նաև տեղեկացրեց, որ այս տարի դպրոցը մասնակցեց նոր տարածքի վարձակալության աճուրդին, և ներկայումս այն ունի փաստացի երկու սեփականատեր` պետգույքի վարչություն և Երևանի քաղաքապետարան:  

«Այն տարածքը, որտեղ հիմա գտնվում է դպրոցը, պատկանում է պետգույքի վարչությանը, իսկ այն ամենը, ինչ շենքում է` քաղաքապետարանի ենթակայության տակ է:  Բայց նրանց միջև որևէ փոխհամաձայնություն չկա: Մենք դիմել էինք աճուրդի 2012 թվականի սեպտեմբերին, և միայն այս տարվա հունվարին վարձակալության իրավունք ստացանք», - ասաց դպրոցի տնօրենը: Նրա խոսքով` օտարալեզու դպրոցների բացման օրենդրական նախաձեռնությունը ընդունվելու դեպքում ևս չէր կարողանա լուծել այդ հարցը, քանի որ այդ դպրոցի հետ չի առնչվում:  

Ինչ վերաբերվում է դպրոցին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան աջակցությանը, ապա, ըստ բանախոսի, օգնությունը սահմանափակվում է հիմնականում համապատասպան գրականության մատակարարմամբ, իսկ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի աջակցությամբ այն ստացավ նաև համակարգչային սենյակ ունենալու հնարավորություն: «Չի բացառվում, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպանները տարբեր մակարդակներով բարձրաձայնել են խնդրի մասին, բայց փաստը մնում է այն, որ մենք ՀՀ կրթության նախարարության իրավասության ներքո ենք, և այդ հարցում իրավասու են նաև տեղական ինքնակառավարման մարմինները», - ասաց ՀՀ նախագահի աշխատակազմին կից ագզային փոքրամասնությունների հարցով համակարգող խորհրդի անդամը:

Նշենք, որ «Սլավոնական» դպրոցը գործում է Հայաստանում ռուսական համայնքի «Ռոսիա» հասարակական կազմակերպությանը կից` 1997 թվականից: Վերջինս այսօր նշում է իր 20-ամյակը: 

 

Placeholder
Երևանում ռուսական դպրոցի տնօրեն. Կտրամադրենք նաև ՌԴ ատեստատներ, բայց 16 տարի է`չունենք սեփական տարածք