Գյուղնախարարը` արմավիրցիներին. «Մի քանի օր էլ համբերեք»
Տնտեսություն
17:05 20/05/2013

Գյուղնախարարը` արմավիրցիներին. «Մի քանի օր էլ համբերեք»

Այսօր Երևան-Արմավիր ճանապարհը փակած արմավիրցիներին այցելեցին փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, մարզպետ Ա. Ղահրամանյանը:

Բնակիչներին նրանց այցելությունը չգոհացրեց, կարկուտից տուժած հողօգտագործողները ցանկանում էին իրենց խնդիրը ներկայացնել անձամբ երկրի ղեկավարին: Հավաքվածները բարձրացել են բեռնատար մեքենայի վրա, սուլում են, բացականչում:
Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը տեղավորվելով ճանապարհային ոստիկանության մեքենաներից մեկում, սկսեց բարձրախոսով հայտարարել, որ կառավարությունը զբաղվում է նրանց խնդրով:

Գյուղացիներից մեկը բավականին զայրացած տոնով հայտարարեց, որ 7 օր արդեն վարկի վճարման օրից անցել է, բանկից զանգում են, փողն են ուզում:
«Ես իմ չորս երեխուն ի՞նչ տամ»,-բղավում էր մյուսը:

Մյուսներն էլ օգտվելով առիթից,  բողոքեցին ոռոգման ջրի թանկությունից:

«Այ մարդ, դու քո կարկուտի հարցը լուծի, ջրից ի՞նչ գործ ունես»,-միջամտեցին մյուսները:

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ասաց, որ մի քանի օր էլ համբերեն:

«Հույսեր ունե՞նք»,-հարցրեց երիտասարդներից մեկը, ինչին նախարարը դրական պատասխան տվեց:

Ի դեպ, գյուղացիները ճանապարհը բացեցին միայն զինվորներ տեղափոխող մեքենաների համար: Մյուսները ստիպված են սպասել:
Հիշեցնենք, որ մայիսի 12-ի կարկուտը մեծ վնաս է հասցրել Արմավիրի մարզի 46 համայնքների: Բնակիչները կառավարությունից պահանջում են փոխհատուցում, վարկերի սառեցում:

 

Placeholder
Գյուղնախարարը` արմավիրցիներին. «Մի քանի օր էլ համբերեք»