«Իմ վրա ընենց ա ազդել». ՄԱՊ-ի Ալիկը` արմավիրցիներին հասցված վնասի մասին
Տնտեսություն
14:15 21/05/2013

«Իմ վրա ընենց ա ազդել». ՄԱՊ-ի Ալիկը` արմավիրցիներին հասցված վնասի մասին

Արմավիրի մարզից ընտրված պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը, որը հայտնի է ՄԱՊ-ի Ալիկ մականունով, շատ է մտահոգված Արմավիրի մարզում տեղացած կարկուտի և դրանից գյուղացուն հասցված ծանր խնդիրների կապակցությամբ: «Միրգ չկա, բերք չկա, չեք պատկերացնի, թե ինչ վիճակ ա։ Իմ վրա ընենց ա ազդել, դա երկրաշարժ էր գյուղատնտեսության համար, հավատացեք»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այդ խնդրին, հայտարարեց Պետրոսյանը` նկատելով, որ կարկուտի ժամանակ եղել է գյուղացիների կողքին:

Նա տեսել է վնասը` միայն Արմավիրում 20 հազար տոննա խաղող է վնասվել և փոխանցեց. «Նման վնաս իրականում մարդը չի կարող ներկայացնել, մինչև չտեսնես»:

Միևնույն ժամանակ բացի գյուղացու հոգսը կիսելուց, ՄԱՊ-ի Ալիկը նրանց հույս չի տալիս. Նրա խոսքով. պետությունը չի կարող բոլոր վնասները հատուցել, քանի որ այն մեծ տոկոս է կազմում: «Գյուղացիների համար ամենամեծ աջակցությունը կլինի վարկերի սառեցումը», -ելքը մատնանշեց պատգամավորը:

Հարցին, թե մարզում հակակարկտային կայանները գործել են, թե՞ ոչ, Պետրոսյանը պատասխանեց, որ նման կարկուտի պայմաններում այդ կայանները չէին կարող գործել, բայց դա այսօր արդեն երկրորդական խնդիր է դառնում:

Placeholder
«Իմ վրա ընենց ա ազդել». ՄԱՊ-ի Ալիկը` արմավիրցիներին հասցված վնասի մասին