Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Խմբագիրները մշակում են պայմանագրի օրինակելի ձև, պատրաստվում են օրենքում փոփոխությունների նախաձեռնությամբ հանդես գալ (Տեսանյութ)
Այսօր առավոտյան էլ «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը կայքերից մեկում ու ամբողջ սոցիալական ցանցում տարածված է տեսել «Հրապարակ»-ի նյութերից մեկը` առանց հղումի, առանց լոգոյի ու առանց որևէ հիշատակման, որ այդ նյութը վերցված է օրաթերթից: Ստեղծված վիճակը խմբագիրը որակում է անկառավարելի:
«Այսինքն նյութը տարածվում է, իր ազդեցությունն է ունենում, մարդիկ տեսնում են աշխատանքը, բայց չեն իմանում, ո՞վ է աշխատանքի հեղինակը: Նրանց թվում է, հեղինակը այն կայքն է, որտեղից կարդացել են»,-Panorama.am-ին ասաց խմբագիրը, ով «խաղի կանոնները» սահմանող հայտարարության հեղինակներից է:
Խմբագրի խոսքով, նման անբարեխիղճ դեպքերը շատ-շատ են, լցվել է համբերության բաժակը, արդյունքում 13 խմբագիրներ որոշել են գործի անցնել, վեցը հեղինակել են հայտարարությունը, յոթը` միացել դրան:
Արմինե Օհանյանի ներկայացմամբ, մոտ երկու տասնյակ մարդ է աշխատում է օրաթերթում և նույնանուն կայքում:
«Այդ բոլորը աշխատավարձ են ստանում, մենք հարկեր ենք վճարում, ինտերնետի վճար, «Ֆոտոլուր»-ի հետ պայմանագիր և այլ ֆինանսական ահռելի ծախսեր: Իսկ մեկ ուրիշը որոշում է, որ կարելի է առանց աշխատելու եկամուտ ստանալ: Երկու աշխատող է պահում, մի կայք է բացում, նվազագույն ծախսերով ինքն ունենում է գովազդներ, հեղինակություն և հավասար ոտք է գցում «Հրապարակ»-ի հետ, որը 5 տարվա աշխատանքի շնորհիվ է եկել հասել այսօրվա վիճակին: Մենք հաճախ այդքան գովազդ չունենք, ինչքան այդ կայքերը, որոնք ամեն օր գողանում են նյութերը»,-մտահոգություն հայտնեց խմբագիրը:
Նրա խոսքով, եթե այդ կայքերից հանվեն մամուլի հրապարակումները, տակն այնքան քիչ բան կմնա, որ մի քանի օրում այդ կայքը կփակվի ու կանհետանա:
«Մի քանի խմբագիրներով մենք հավաքվեցինք, քննարկեցինք ու հասկացանք, որ ժամանակն է, մենք մեր աշխատանքին տեր կանգնենք, մեր իրավունքները պաշտպանենք»,-ասաց Օհանյանը:
Այժմ նրանք մշակում են պայմանագրի օրինակելի ձև, պատրաստվում են հանդես գալ «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքում փոփոխությունների նախաձեռնությամբ: Հիշեցնենք, որ ըստ օրենքի, օրվա նորությունների կամ ընթացիկ իրադարձությունների մասին մամուլի տեղեկատվություն ներկայացնող հաղորդումները հեղինակային իրավունքի օբյեկտ չեն:
Փոփոխությունից հետո թերթերը կկարողանան դիմել դատարան` պատասխանատվության կանչելու պայմանագիր չկնքած կամ էլ պայմանագրի պահանջները չկատարած ցանցային լրատվամիջոցներին:
«Եթե 10 տողանոց երգը հեղինակային իրավունքի օբյեկտ է, ապա 2 էջանոց հոդվածը հաստատ հեղինակային իրավունքի առարկա է»,-նկատեց «Հրապարակ»-ի խմբագիրը:
Խմբագիրները չեն բացառում, որ պայմանագիրը նորելուկ, պոռնոնյութերով լեցուն կայքերի համար կնախատեսի որոշակի վճար, իսկ բարեխիղճ լրատվամիջոցի անուն ձեռք բերածների հետ կաշխատեն անվճար հիմունքով:
«Այսօր շատ են լրատվական գործունեություն իրականացնող մարդիկ, ովքեր չեն ցանկանում զբաղվել լրագրությամբ, բայց ուզում են լինել լրագրող: Շատ կայքերի լրագրողներ նստած են «քոփ-փեսթ»-ի վրա: Նրանք պարզապես գողանում են մյուս լրագրողների աշխատանքը, տարածում ու դառնում են լրատվամիջոց»,-Panorama.am-ին նման մտահոգություն հայտնեց նաև «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Թագուհի Թովմասյանը: Նրա որակմամբ, արատավոր երևույթի դեմն առնելու համար պետք է համախմբել ջանքերը:
«Այստեղ լրագրողն ու ոչ լրագրողը ոչ մի չափանիշով չեն տարբերվում: Լրագրողի նյութը գողացողը ներկայանում է որպես լրագրող ու լուծում տարբեր հարցեր, որոնք պարզապես լրագրողական էթիկայի բոլոր նորմերին հակասում են»,-ասաց նա, հույս հայտնելով, որ վճռականության շնորհիվ կարելի է հասնել այն բանին, որ դաշտում լրագրողին կտարբերեն գրագողից:
Թովմասյանի խոսքով, իր խմբագրած թերթը ստեղծված վիճակի հետևանքով նաև ֆինանսական կորուստներ է ունեցել:
«Մարդիկ առավոտյան ցանցում կարդում են «Ժողովուրդ»-ի ամենահետաքրքիր հրապարակումներն ամբողջությամբ, ընթերցողն էլ անհրաժեշտություն չի ունենում գնել թերթը»,-ասաց խմբագիրը, ավելացնելով, որ նույնիսկ թերթում տպագրված նյութերի մատուցումն իրականացվում է սուբյեկտիվ մոտեցմամբ: Օրինակ, Թ. Թովմասյանը նկատել է, որ շատ համարձակ նյութեր այդպես էլ չեն հայտնվում ցանցերում:
«Մարդուն բացատրել, որ գիտե՞ք, թերթում ավելի հետաքրքիր բաներ կան, քան հայտնվել է ցանցում, դա ամբողջական տարբերակը չէ, շատ դժվար է: Դրա համար ճիշտ կլինի սահմանված կանոններին ենթարկվելով մարդիկ մամուլի տեսություն դնեն»,-ասաց խմբագիրը: