Հեծանի՞վ, ուղղաթի՞ռ, թե՞… Վարչապետը` իր փոխադրամիջոցն ընտրելու, գազի գնի և բռնված ձկների մասին
Քաղաքական
14:40 23/05/2013

Հեծանի՞վ, ուղղաթի՞ռ, թե՞… Վարչապետը` իր փոխադրամիջոցն ընտրելու, գազի գնի և բռնված ձկների մասին

Այսօր Ազգային ժողովում կառավարության 2013-2017 թվականների գործունեության ծրագրի հաստատումից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանել է լրագրողների մի քանի հարցերին:

Հարց ու պատասխանը ներկայացնում ենք ստորև

-Հայտնի խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանը Ձեզ հորդորել էր մեծ ձկներին գլխից բռնել, գործընթացն ի՞նչ փուլում է:

-Մեր անկախ պետականության տարիների վերլուծությունը եթե իրականացնենք, ապա կտեսնեք, որ վերջին տարիներին այդ առումով լրջագույն քայլեր են կատարվում: Մենք սկսել ենք մեզանից, մեր կուսակցության անդամ, բարձր պաշտոն զբաղեցրած մարդուց, և բացահայտվել են այդ չարաշահումները, և այսօր նա ազատազրկվել է: Կան այլ բարձրաստիճան ապաշտոնատար անձինք, այդ բոլոր տեղեկությունները հրապարակային են, և այդ գործընթացը, նախագահի հանձնարարականը մենք կատարելու ենք:

-Դուք ասում եք՝ տեղի ունեցավ մտքի հեղափոխութուն, արդյո՞ք դա Գալուստ Գրիգորիչի ելույթն էր:

-Ես կարծում եմ, որ եթե մենք խոսում ենք մտածողության հեղափոխության մասին, ապա դուք պետք է առաջնորդվեք հետևյալ սկզբունքով, որ դուք ինքներդ պետք է կարողանաք այս դահլիճում հայտնաբերել ձեզ համար այն կարևոր փոփոխությունը, որը տեղի է ունենում և ուշադրություն չդարձնել երկրորդային խնդիրներին: Եթե դուք այդպես անեք, կտեսնեք, որ իսկապես լրջագույն քաղաքական երկխոսություն ծավալվեց Ազգային ժողովում, որը միտված էր դեպի ապագան: Դրա վրա պետք է կենտրոնանալ: Այն որ ազգային ժողովում հնչելու են տարբեր տիպի մեղադրանքներ, և այդ մեղադրանքներին տրվելու են համարժեք պատասխաններ--, դա պառլամենտների բնականոն գործունեության մեթոդն է: Դա շարունակվելու է:

-Հնարավո՞ր է , որ գազի գնի թանկացման ու սոցիալական այս լարվածության պայմաններում իշխանությունները հանգիստ չվայելեն առաջիկա տարիները:

-Դուք պետք է վայելեք այս 4-5 տարիները, ժողովուրդը պետք է վայելի, իսկ իշխանությունները զբաղված են տքնաջան աշխատանքով, նվիրական, տքնաջան աշխատանքով: Եթե իշխանության մեջ կան մարդիկ, որոնք այդպիսին չեն, մենք նրանցից պետք է ձերբազատվենք:

-Մենք տեսնում ենք, որ տարբեր երկրների կառավարությունների ղեկավարները, օրինակ, հեծանիվով են գնում աշխատանքի, չե՞ք պատրաստվում հետևել նրանց օրինակին՝ ծախսերը խնայելու համար:

-Համաշխարհային փորձը շատ բազմազան է: Մարդիկ կան, ոտքով են գնում աշխատանքի, մարդիկ կան, հեծանիվով են գնում, ոմանք՝ ուղղաթիռներով, ոմանք նախընտրում են այլ տրանսպորտային միջոցներ: Թույլ տվեք, որ ես իմ փոխադրման ձևերը ինքս որոշեմ:

-Գազի գնի 30 տոկոսը կառավարությունը որտեղի՞ց է սուբսիդավորվելու:

-Երեսուն տոկոս գազի գնի նվազեցումը, որի մասին ես պաշտոնական նամակ եմ ուղարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին, գտնվում է մեր բանակցային գործընթացի մեջ: Եվ դա կարևորագույն կետերից մեկն է մեր բանակցությունների, որ մենք վարում ենք մեր ռուսաստանցի գործընկերների հետ: Այն պահին, երբ որ մենք համաձայնության կգանք նրանց հետ, թե ինչպես ենք մենք այդ 30 տոկոսը կոմպենսացնելու, մենք ձեզ տեղյակ կպահենք: Այս պահի դրությամբ քննարկվում ենք մի քանի տարբերակներ:

-Կասե՞ք տարբերակները որոնք են:

Ոչ, ասել եմ չէ՞ մի քանի անգամ, եթե բանակցությունները դեռ չեն ավարտվել, իրավունք չունենք այդ բանակցությունները դարձնել հանրության քննարկման առարկա: Դա բանակցությունների կանոնն է:

Placeholder
Հեծանի՞վ, ուղղաթի՞ռ, թե՞… Վարչապետը` իր փոխադրամիջոցն ընտրելու, գազի գնի և բռնված ձկների մասին