Շ. Քոչարյան. Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ոչ մի առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի հետ
Քաղաքական
13:33 25/05/2013

Շ. Քոչարյան. Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ոչ մի առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի հետ

ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը «Նովոստի-Արմենիա» լրատվական գործակալության հետ զրույցում մեկնաբանել է ԼՂ հակամարտության կարգավորման մադրիդյան սկզբունքների վերաբերյալ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունները:

Նշենք, որ Է. Մամեդյարովը հայտարարել է, թե ադրբեջանցիները նույնպես ունեն ինքնորոշման իրավունք:

«Համոզվելու համար, որ մադրիդյան փաստաթղթի բովանդակության ադրբեջանական մեկնաբանությունը չի համապատասխանում իրականությանը, բավական է պարոն Մամեդյարովի ներկայացրած մեկնաբանությունը համեմատել մադրիդյան առաջարկությունների վերաբերյալ 2009թ.-ին Լաքվիալում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացվածի հետ: Պարոն Մամեդյարովը կարծես թե մոռացել է «մի մանրուք»՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավաբանորեն պարտադիր կամարտահայտությանը համապատասխան:

Մադրիդյան փաստաթղթի այդ դրույթն անտեսելու կամ խեղաթյուրված մեկնաբանելու փորձերը բանակցային գործընթացի գլխավոր խոչընդոտներից են: Ոչ ոք չի պատրաստվում հերքել, որ Ադրբեջանի ժողովուրդը, ինչպես և բոլոր ժողովուրդները, ունի ինքնորոշման իրավունք: Հավանաբար, պարոն նախարարին շահեկան չէ հիշելը, որ Ադրբեջանի ժողովուրդն իր այդ իրավունքն իրացրել է հանրաքվեով՝ 1991թ.-ի դեկտեմբերին, Լեռնային Ղարաբաղում անցկացված անկախության հանրաքվեից հետո:

Ե՛վ Ադրբեջանը, և՛ Լեռնային Ղարաբաղը անցկացրել են վերոնշյալ հանրաքվեները լիովին միանման իրավական դաշտում: Արդյունքում նախկին Ադրբեջանի ԽՍՀ-ի տարածքում ձևավորվել են երկու իրավահավասար սուբյեկտներ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և Ադրբեջանի Հանրապետություն: Հետևաբար, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ոչ մի առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի հետ, ընդ որում, համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության՝ տարածքային ամբողջականությունը չի կարող հակադրվել ժողովուրդների ինքնորոշման իրավունքին»,- ասել է Շավարշ Քոչարյանը:

Placeholder
Շ. Քոչարյան. Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ոչ մի առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի հետ