«Արմավիա»-ն վաճառում է գույքը` պարտքերը մարելու համար
Տնտեսություն
14:13 29/05/2013

«Արմավիա»-ն վաճառում է գույքը` պարտքերը մարելու համար

Իրեն սնանկ հայտարարած «Արմավիա» ավիաընկերությունը դեռ չի վճարել աշխատակիցների աշխատավարձերը: Այսօր նրանք ՀՀ նախագահի նստավայրի դիմաց էին, երկրի ղեկավարին ուղղված նամակում խնդրում էին հստակեցնել իրենց չվճարված աշխատավարձերի հարցը: Նրանց խոսքով, «Արմավիան» մի քանի տասնյակ աշխատակիցների աշխատավարձ չի վճարել դեռ նախորդ տարվա վերջից:

«Մենք այլևս չենք կարողանում պահել մեր ընտանիքները, սպասում ենք մեր գումարներն ստանանք, որպեսզի հեռանանք այս երկրից»,- դժգոհում էին նրանք:

«Արմավիա» ընկերության մամուլի ծառայությունից Panorama.am-ին հայտնեցին, որ աշխատակիցները աշխատավարձերը քիչ-քիչ վճարվում են: Ընկերության աշխատակիցները չեն մանրամասնում, թե այս պահին ընկերությունը որքան գումար է պարտք աշխատակիցներին, հիմնավորում են` ֆինանսական գաղտնիք է:

«Արմավիան քիչ-քիչ մարում է պարտքերը: Բայց դա նրանց չի բավարարում: Հասկանո՞ւմ եք, շատ պարտքեր կան, հիմա վաճառում ենք ինքնաթիռները, գույքը, բայց դրա հետ միասին կատարվում է գնած տոմսերի փոխհատուցում, պարտքեր կան բանկերին, ընկերության ֆինանսիստներն ունեն ցուցակ, թե ինչ հերթականությամբ պետք է մարվեն պարտքերը»,-նշեցին ընկերության մամուլի ծառայությունից:

Ընկերությունից նաև նշեցին, որ հունիսի 3-ին նախատեսված է աշխատավարձի որաշակի վճարում:
Հիշեցնենք, որ մարտի 29-ին իրեն սնանկ հայտարարած ազգային ավիափոխադրողն այլևս թռիչքներ չի իրականացնում: Նա պարտքեր ունի պետբյուջեին, բանկերին, «Զվարթնոց» օդանավակայանին, ռուսական ընկերություններին, աշխատակիցներին:
Այս պահի դրությամբ ընկերությունը դատարան չի դիմել, պատճառաբանում են` փաստաթղթերն են պատրաստում: Միաժամանակ Հանրային Խորհրդի խնդրանքով ընկերությունը ներկայացրել է առողջացման ծրագիր:

Նախորդող հրապարակումներ`

Հայաստանի կառավարությունը դատի է տվել «Արմավիա»-ին

Յոթ ամիս աշխատավարձ չեն ստացել. «Արմավիայի» բորտուղեկցորդները նամակ են գրել նախագահին

Կհաջողվի՞ «Արմավիա»-ին առողջանալ. ՔԱԳՎ-ն ու «Զվարթնոց»-ը չեն մեկնաբանում

Իզաբելա Մուրադյան. «Արմավիա»-ի սնանկացումը ոլորտի չկարգավորված լինելու հետևանք է

«Արմավիա». Ինչո՞ւ սնանկացավ, ի՞նչ պետք է անել
 

Placeholder
«Արմավիա»-ն վաճառում է գույքը` պարտքերը մարելու համար