Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները քննարկելու են եվրասիական ինտեգրման հեռանկարները
Քաղաքական
11:48 29/05/2013

Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները քննարկելու են եվրասիական ինտեգրման հեռանկարները

Այսօր Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահների մասնակցությամբ տեղի կունենա Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածության բարձրագույն մարմնի՝ Եվրասիական տնտեսական խորհրդի նիստը: Այս մասին հայտնում է «Իտար-Տասս» լրատվական գործակալությունը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովի խոսքերով՝ Եվրազեսի նիստի ժամանակ քննարկվելու են ինտեգրացիոն համագործակցության հեռանկարները, 2015թ.-ի հունվարի 1-ին Եվրասիական տնտեսական միության ձևավորման նախագիծը, Մաքսային միության գործառնության հարցերն ու Միասնական տնտեսական տարածության հետագա զարգացումը:

Բացի այդ, քննարկվելու են նաև միջազգային իրավական փաստաթղթերի, այդ թվում Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի նախապատրաստման, ինչպես նաև գյուղարտադրության քաղաքականության հայեցակարգի, արտաքին և ներքին առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի ձևավորման վերաբերյալ հարցեր:

Նշվում է, որ նիստից հետո նախատեսված է Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահների հանդիպումը Ղրղզստանի և Ուկրաինայի նախագահների հետ:

«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել է, որ Ուկրաինան մտադիր չէ սահմանափակվել Մաքսային միության կազմում դիտորդի կարգավիճակով և պատրաստ է միանալ Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածության հիմնարար իրավական փաստաթղթերին: Ուկրաինայի վարչապետը նշել է, որ առաջարկվելու է ստեղծել բանակցային խումբ՝ քննարկելու, թե կոնկրետ որ համաձայնագրերին կարող է միանալ Ուկրաինան:

Նշենք, որ Եվրասիական տնտեսական ընկերակցության՝ Եվրազեսի անդամ պետություններն են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը: Կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ունեն Հայաստանը, Ուկրաինան և Մոլդովան: Իսկ Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածության անդամներն են Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը: Մաքսային միությունն, ի տարբերություն Եվրազեսի, իրենից ներկայացնում է միասնական մաքսային և առևտրային տարածություն:

Placeholder
Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները քննարկելու են եվրասիական ինտեգրման հեռանկարները