Հանձնարարվել է քայլեր ձեռնարկել մայրաքաղաքի ջրահեռացման համակարգի կարգաբերման ուղղությամբ
Հասարակություն
16:46 29/05/2013

Հանձնարարվել է քայլեր ձեռնարկել մայրաքաղաքի ջրահեռացման համակարգի կարգաբերման ուղղությամբ

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ «Երևան ջուր» ընկերության տնօրենը զեկուցել է, որ նախօրեին մայրաքաղաքում տեղացած առատ տեղումների հետևանքով որոշ փողոցներում գրանցվել է անձրևաջրերի առատ հոսք, ինչի արդյունքում մայրաքաղաքի որոշ փողոցներում կարճ ժամանակով նկատվել են անձրևաջրերի կուտակումներ: Ընկերության տնօրենի հավաստմամբ՝ ջրի կուտակման պատճառը ջրահեռացման գործող համակարգի թողունակության ներկայիս հնարավորություններով է պայմանավորված եղել, ինչն, այդուամենայնիվ, քաղաքապետարանի և վարչական շրջանների, ինչպես նաև ընկերության մասնագետների օպերատիվ արձագանքման արդյունքում արագ կարգավորվել է:

Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ, որը կարճ ժամանակում կքննարկի և հատկապես խոցելի համարվող փողոցների մասով կներկայացնի առաջարկություն՝ ջրահեռացման համակարգերի թողունակության բարձրացման ուղղությամբ.

«Շինբարեկարգման այս տարվա ծրագրերով ավելի քան 30 փողոցներում իրականացվելու են հիմնանորոգման աշխատանքներ: Աշխատանքներն իրականացնելիս պետք է հատուկ ուշադրություն դարձնել նաև ջրահեռացման համակարգերին: Այդ առումով կարող է նաև ջրահեռացման խողովակների և հորերի ավելացման անհրաժեշտություն առաջանալ, ինչը պարտադիր պետք է իրականացնել: Իսկ այն հատվածներում, որտեղ հիմնանորոգման աշխատանքներ չեն իրականացվելու, կփորձենք որոշակի միջոցներ ձեռնարկել, որպեսզի հարցին լուծում տանք»,- ընդգծել է քաղաքապետը:

Հիշեցնենք, որ երեկ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հորդառատ անձրևի հետևանքով անձրևաջրերը ողողել են Երևանի Լենինգրադյան, Արամ Խաչատրյան, Վ. Փափազյան, Այգեկցի, Տիչինա, Լուկաշին, Պարոնյան, Սարկավագ, Հալաբյան, Կիևյան փողոցները և լցվել են տների նկուղները, ավտոտնակները, խանութները:

Նույն խնդրի առջև մայրաքաղաքի բնակիչները կանգնել էին  մոտ մեկ շաբաթ առաջ:
 

Placeholder
Հանձնարարվել է քայլեր ձեռնարկել մայրաքաղաքի ջրահեռացման համակարգի կարգաբերման ուղղությամբ