Ա.Բաղդասարյան. Շահարկում կարող էր լինել միայն այն դեպքում, եթե երկրի ղեկավարը չմասնակցեր պետական միջոցառումներին
Քաղաքական
13:04 30/05/2013

Ա.Բաղդասարյան. Շահարկում կարող էր լինել միայն այն դեպքում, եթե երկրի ղեկավարը չմասնակցեր պետական միջոցառումներին

«Բիշկեքում ավարտվեց ՀԱՊԿ նիստը և անհրաժեշտություն կա ներկայացնել մանրամասներ. կազմակերպությունը որակական նոր փուլ է թևակոխում»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Նրա խոսքով, Բիշկեքում ՀԱՊԿ անդամ վեց երկրները ևս մեկ անգամ արձանագրեցին ուժի կիրառման բացառումը և, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շարունակականությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Խոսելով որակական նոր փուլի մասին, Ա.Բաղդասարյանը ներկայացրեց այն փոփոխությունները, որ արվելու են և շեշտեց. «ՀԱՊԿ-ի ռազմական հզորացումը նշանակում է նաև մեր երկրի ապահովության մեծացում»:

Բացի այս, հավաստիացրեց նա, կհզորանա նաև վեց անդամ երկրների միջև ռազմական արդյունաբերության միացյալ զարգացումը:

Ստեղծվելու է միացյալ շտաբ, որը զբաղվելու է թմրանյութերի շրջանառության դեմ, քանի որ վերջին շրջանում ավելացել են Աֆղանստանից, ինչպես նաև Իրանից թմրանյութեր Հայաստան ներկրելու դեպքերը: Հաջորդ կարևորագույն որոշումը կիբերանվտանգության խնդիրներով զբաղվող միասնական կենտրոնի ստեղծումն է, որի շրջանակում վեց պետությունները միասնական են գործելու. կենտրոնը կգործի Մոսկվայում.«Այն իսկապես հնարավորություն կտա կոորդինացնել աշխատանքները կիբերհանցագործությունների դեմ»,- ընդգծեց Ա.Բաղդասարյանը:

«Այն քննարկումները, որ եղան Բիշկեքում և որոշումները, որ ընդունվեցին, կարևոր նշանակություն կունենան Հայաստանի համար»,- հավելեց ԱԱԽ քարտուղարը:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանի չմասնակցելը դեմարշ էր, ինչի մասին այդքան շատ շահարկվեց մամուլում, Ա.Բաղդասարյանը նշեց, որ նախագահը մասնակցում էր պետական միջոցառումների և այդ մասին կազմակերպությանը նախապես ծանուցվել էր: Ինչպես  ծանուցվել էր այն մասին, որ նիստին չի մասնակցի նաև Բելառուսի նախագահը. «Նախապես ծանուցվել էր, որ ոչ ֆորմալ գագաթաժողովին այդ երկու երկրների նախագահները չեն մասնակցելու: Իսկ շահարկումը կարող էր լինել միայն այն դեպքում, եթե երկրի ղեկավարը չմասնակցեր պետական միջոցառումներին»,- հավելեց նա:

Placeholder
Ա.Բաղդասարյան. Շահարկում կարող էր լինել միայն այն դեպքում, եթե երկրի ղեկավարը չմասնակցեր պետական միջոցառումներին