Երևանից Ստեփանակերտ հնարավոր կլինի հասնել 3 ժամում. «Հայաստան» համահայկական հիմնադրամը կսատարի
Օրվա թեմա
13:00 30/05/2013

Երևանից Ստեփանակերտ հնարավոր կլինի հասնել 3 ժամում. «Հայաստան» համահայկական հիմնադրամը կսատարի

Այսօր  «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 22-րդ նիստի ժամանակ քննարկվել է Հայաստանն ու Արցախը կապող երկրորդ ճանապարհի կառուցման հարցը: Ինչպես լրագրողներին տեղեկացրեց հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը՝ երկրորդ ճանապարհը կկապի ՀՀ Վարդենիս քաղաքը ԼՂՀ Մարտակերտի հետ, ինչը, նրա խոսքով՝ հնարավորություն կտա Երևանից Ստեփանակերտ հասնել 3 ժամում: Ըստ գործադիր տնօրենի՝ հոգաբարձուների խորհրդը դրական արձագանքեց երկրորդ ճանապարհ կառուցման նպատակով դրամահավաք կազմակերպելու առաջարկին:

Ըստ բանախոսի՝ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի հողահատկացման հետ կապված աշխատանքները ԼՂՀ և ՀՀ կառավարությունների կողմից արդեն քննարկվել և հաստատվել են, մնում են ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքները: Ըստ բանախոսի՝ Ճանապարհի ընդհանուր երկարությունը կլինի 114 կմ, իսկ աշխատանքների արժեքը կկազմի մոտ 30 մլն ԱՄՆ դոլար: Նրա փոխանցմամբ՝  տարեվերջին շինարարության նպատակով կանցկացվեն դրամահավաքներ` Եվրոպայում և ԱՄՆ-ում հեռուստամարաթոն, ՌԴ-ում դրամահավաք-ճաշկերույթ:

«Բոլոր դրամահավաքները կավարտվեն տարեվերջին, հունվարին վերջնականապես կհայտարարվի շինարարական աշխատանքների մեկնարկը, և կսկսվի շինարարությունը»,- ասաց նա: 

Արա Վարդանյանը  նաև նշեց, որ 2012 թ-ի արդյունքները հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ գնահատվել են գոհացուցիչ, ոչ մի խնդիր չի ծագել:

Placeholder
Երևանից Ստեփանակերտ հնարավոր կլինի հասնել 3 ժամում. «Հայաստան» համահայկական հիմնադրամը կսատարի