Պոլիտեխնիկի որոշ ուսանողներ 200-ական դոլար կրթարոշակ են ստացել
Կրթություն, գիտություն
16:37 01/06/2013

Պոլիտեխնիկի որոշ ուսանողներ 200-ական դոլար կրթարոշակ են ստացել

 «Վարդանանց ասպետներ» հասարակական կազմակերպությունը Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) 12 ուսանողներին 200 դոլարի չափով կրթաթոշակներ է հանձնել: Ինչպես տեղեկացնում են  ՀՊՃՀ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժնից, այսօր ՀՊՃՀ այցելած «Վարդանանց ասպետներ» կազմակերպության ավագ սպարապետ Ն. Աթինիզյանն անձամբ ուսանողներին հանձնել է կրթաթոշակները:

 Ողջունելով ուսանողներին և դեկաններին` Ն. Աթինիզյանը նշել է, որ մեծագույն հաճույք է Երևանում գտնվելը և կրթաթոշակների հանձնման արարողությանը մասնակցելը: Նա ուսանողներին կոչ է արել սփյուռքի հայության հետ համատեղ գործակցել և հայանպաստ ծրագրեր իրականացնել:

Համալսարանի կրթական ծրագրերի և ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Ս. Աղբալյանը Ն. Աթինիզյանին փոխանցեց ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանի շնորհակալական նամակը: Իրենց հերթին կրթաթոշակ ստացած բոլոր ուսանողներն երախտիքի խոսքը հայտնեցին ավագ սպարապետին` խոստանալով կրթաթոշակն օգտագործել ի նպաստ մասնագիտության մեջ հմտանալու:

 ՀՊՃՀ պրոռեկտոր Սուրեն Աղբալյանի տեղեկացմամբ` կրթաթոշակակիր ուսանողներն ընտրվել են հաշվի առնելով ուսման մեջ առաջադիմությունը, սոցիալական վիճակը և կարգապահությունը: Նշենք, որ «Վարդանանց ասպետներ» հասարակական կազմակերպությունը ՀՊՃՀ ուսանողներին կրթաթոշակ է շնորհում արդեն 17 տարի:

 

Placeholder
Պոլիտեխնիկի որոշ ուսանողներ 200-ական դոլար կրթարոշակ են ստացել