Զբոսաշրջիկները զանգվածաբար լքում են Թուրքիան, չեղյալ հայտարարում ամրագրումները
Տնտեսություն
12:16 04/06/2013

Զբոսաշրջիկները զանգվածաբար լքում են Թուրքիան, չեղյալ հայտարարում ամրագրումները

Թուրքական «Հյուրրիյեթ» օրաթերթի համաձայն` Թուրքիայում Գեզի զբոսայգու պահպանման համար շարունակվող զանգվածային բողոքի ցույցերը հարվածի տակ են առել զբոսաշրջության ոլորտը: Քաղաքացիական անհնազանդության ակտերի և բախումների պատճառով մեծ թվով զբոսաշրջիկներ, հատկապես Ստամբուլի Թաքսիմ հրապարակում գտնվող հյուրանոցներից հեռացել են:

Թուրքիայի հյուրանոցային բիզնեսի, ձեռներեցների և ներդրողների ասոցացիայի նախագահ Թիմուր Բայընդըրն ասել է, որ արդեն մեկ շաբաթ շարունակվող զանգվածային անկարգությունները զբոսաշրջիկների շրջանում մեծ անհանգստություն են առաջացրել:

«Զբոսաշրջիկները զանգավածաբար լքում են հյուրանոցները: Խոշոր հյուրանոցներում այցելուների 30 տոկոսը չեղյալ է հայտարարել ամրագրումները»,-ասել է նա:

Թուրքիայի հյուրանոցային բիզնեսով զբաղվողների ֆեդերացիայի նախագահ Օսման Այըքն էլ նշել է, որ Գեզի զբոսայգու դեպքերը կարող են բացասական ազդեցություն ունենալ նաև Անթալիայի զբոսաշրջության վրա:

Ըստ աղբյուրի` Թուրքիայում հետաձգվել են մի շարք այնպիսի մշակութային խոշոր միջոցառումներ, ինչպիսիք են Ստամբուլի 41-րդ Երաժշտական փառատոնը և «Ankara Shopping Fest»-ը:

Placeholder
Զբոսաշրջիկները զանգվածաբար լքում են Թուրքիան, չեղյալ հայտարարում ամրագրումները