ԿԿԶՎ պետ. Նոյեմբերյանի զորամասում վիրավորված զինվորը դինամիկ ապաքինվում է, բայց ծառայությունն էլ չի շարունակելու
Առողջություն
17:54 05/06/2013

ԿԿԶՎ պետ. Նոյեմբերյանի զորամասում վիրավորված զինվորը դինամիկ ապաքինվում է, բայց ծառայությունն էլ չի շարունակելու

Նոյեմբերյանի թիվ N զորամասում զոհված ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի հետ հրազենային վնասվածք ստացած Հրաչ Սարգսյանի առողջական վիճակն այս պահի դրությամբ կայուն է, նա արդեն տեղափոխվել է ընդհանուր բաժին և դինամիկ վերականգնվում է: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ, փոխգնդապետ Արա Ասատուրյանը: Նրա խոսքով` լուրջ աշխատանք է տարվել այս զինվորի առողջությունը վերկանգնելու ուղղությամբ։

«Զինվորը այսօր լավ շփվում է, խոսում է այնպես, ինչպես մենք ենք խոսում, կարելի է ասել, որ բուժման կարիք զինծառայողն այլևս չունի և նրան մնում է անցնել վերականգնողական փուլը»,- ասաց փոխգնդապետ Արա Ասատուրյանը:

Նա նաև հայտնեց, որ ԿԿԶՀ-ն արդեն բանակցում է Կարմիր խաչի հետ, որպեսզի հետագա վերականգնողական փուլը Հրաչ Սարգսյանը շարունակի այնտեղ: Իսկ վերականգնողական փուլն անցնելուց հետո, ըստ Ա.Ասատուրյանի, զինվորը զինվորական ծառայության էլ չի վերադառնա:

Ինչպես արդեն հայտնել էր ՀՀ զինվորական դատախազությունը`ըստ նախաքննության տվյալների՝ մայիսի 15-ին ժամը 15:30-ի սահմաններում թիվ N զորամասի 1-ին պահակախմբի մուտքի դիտորդ, նույն զորամասի ԿՍ-19 ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Խաչատրյանը վիճաբանության մեջ է մտել պահակախմբում ընդգրկված ԿՍ-19 ՀԴՆ-ի ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանի հետ, որի ժամանակ շարքային Դ.Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակել է շարքային Լ.Ստեփանյանի ուղղությամբ, որի արդյունքում վերջինս գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից տեղում մահացել է, իսկ նույն ՀԴՆ-ի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վնասվածք և տեղափոխվել Նոյեմբերյանի քաղաքային հիվանդանոց:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ ՔԾ 6-րդ կայազորային քննչական բաժնում` ՀՀ քր. օր-ի 104 հոդ-ի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբի:
 

Placeholder
ԿԿԶՎ պետ. Նոյեմբերյանի զորամասում վիրավորված զինվորը դինամիկ ապաքինվում է, բայց ծառայությունն էլ չի շարունակելու