Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արամ Խաչատրյան-110. Երևանցիներն այսօր զգալու են մեծանուն կոմպոզիտորի «շունչը»
«Խաչատրյանի երաժշտությունը զարմանալիորեն բալետային և պարային է, կայծակային արագությամբ ծնում է բազմազան պլաստիկ պատկերներ, հուշում ու ոգեշնչում է շարժումներ: Եվ դա ոչ այնքան հաճախ հանդիպող տաղանդ է` ստեղծել իսկապես թատերական, այսպես ասած, պլաստիկ երաժշտություն: …»,- այսպես է բնութագրել աշխարհահռչակ բալետմայստեր Յուրի Գրիգորովիչը աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին:
110 տարի առաջ հենց այս օրն է Թիֆլիսում ծնվել տաղանդավոր կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը: Տարին հոբելյանական է: Այդ առիթով կազմակերպվում են բազմաբնույթ միջոցառումներ:Հհոբելյանական տարվա մեկնարկը տրված է, իսկ կոմպոզիտորի ծննդյան օրն առավել յուրահատուկ է նշվում: Անվանի կոմպոզիտորի ծննդյան օրվա տոնակատարությունների համատեքստում Երևանի Սայաթ-Նովայի, Մաշտոցի, Տերյան, Թումանյան փողոցների սյուների վրա տեղադրված բարձրախոսներից կհնչի Արամ Խաչատրյանի երաժշտությունը /ժամը 11:00-23:00-ն/: Արամ Խաչատրյանի մրցույթի հյուրերը, ժյուրիի անդամներն ու մասնակիցները, Երևանի երաժշտական դպրոցների սաները, հայ մտավորականները կայցելեն Արամ Խաչատրյանի շիրիմին /ժամը 11:00-12:00-ն/: Ազատության հրապարակի և Կարապի լճի տարածքում տեղադրված էկրաններին կցուցադրվեն Արամ Խաչատրյանի մասին պատմող տեսաֆիլմեր /ժամը 18:00-23:00–ն/: Տեղի կունենա Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի և փառատոնի, ինչպես նաև հոբելյանական տարվա բացման արարողությունը. համերգի ընթացքում Արամ Խաչատրյանի երաժշտության հետ մեկտեղ կներկայացվեն տեսամիացումներ` աշխարհի մեծագույն երաժիշտների և արվեստագետների ողջույնի խոսքերով: Արարողությունն ամբողջությամբ կհեռարձակվի Ազատության հրապարակի և Սայաթ-Նովայի պողոտայում տեղադրված էկրաններից /ժամը 20:00-21:30–ն/:
Երեկոյան Կարապի լճի շրջակայքում հանդես կգան ինքնուս և պրոֆեսիոնալ պարախմբեր` կատարելով Արամ Խաչատրյանի «Գարուն Երևան», «Սուսերով պար», «Ուզունդարա», «Կարոսի պրկե» և այլ ստեղծագործությունները /ժամը 21:30-23:30–ը/:
Նշենք, որ տարվա ընթացքում նախատեսված են նաև այլ միջոցառումներ ինչպես հենց Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Մասնավորապես, սեպտեմբերին անցկացվելու է «Արամ Խաչատրյանը և արդի աշխարհը» խորագրով գիտաժողով:
10 տարեկանում Ա. Խաչատրյանն ընդունվում է Թիֆլիսի առևտրական տեխնիկում, որտեղ փողային նվագախմբում շեփոր էր նվագում: 1921 թվականի աշնանը արդեն ճանաչված արվեստագետ դարձած Սուրեն Խաչատրյանը կրտսեր եղբորը տանում է Մոսկվա` ուսում ստանալու, ընդունվում է Գնեսինների երաժշտական տեխնիկում, որտեղ թավջութակի դասարանում երկու տարի սովորելուց հետո, իր ուսուցիչ Գնեսինի խորհրդով, տեղափոխվել է ստեղծագործական դասարան: 1929 թ-ին Ա. Խաչատրյանը ավարտում է Գնեսինների ուսումնարանը և ընդունվում Մոսկվայի կոնսերվատորիայի նախ` Մ. Գնեսինի, ապա` Ն. Մյասկովսկու ստեղծագործական դասարանը: Անվանի կոմպոզիտոր և հիանալի մանկավարժ Ն. Մյասկովսկու ղեկավարությամբ Ա. Խաչատրյանը գրում է իր «Ջութակի և դաշնամուրի սոնատը», «Դաշնամուրի, ջութակի և կլարնետի տրիոն», «Պարային սյուիտը», «Տոկատը» և այլ գործեր: Կոնսերվատորիան ավարտելիս, որպես դիպլոմային աշխատանք Ա. Խաչատրյանը գրել է իր Առաջին սիմֆոնիան, որը նվիրել է Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման 15-ամյակին: 1940 թվականին Ա. Խաչատրյանը գրել է իր Ջութակի կոնցերտը` նվիրված տաղանդավոր ջութակահար Դավիթ Օյստրախին, որի համար ստացել է իր առաջին Պետական մրցանակը: 1941 թվականին ստեղծվել է Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի երաժշտությունը:
Հայրենական Մեծ պատերազմի տարիներին ծնվել են նոր գործեր` պատերազմական թեմաներով երգեր, «Գայանե» բալետը Երկրորդ սիմֆոնիան, որոնց նույնպես կոմպոզիտորին շնորհվեցին Պետական մրցանակներ: 1944 թ. նա գրեց Խորհրդային Հայաստանի Պետական հիմնը:1956 թ. Լենինգրադի Կիրովի անվ. օպերայի և բալետի թատրոնում կայացել է «Սպարտակ» բալետի պրեմիերան: 1959 թ. «Սպարտակ» բալետի համար Ա. Խաչատրյանին շնորհվել է Լենինյան մրցանակ:
Աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները իրենց ուրույն տեղն են գրավել համաշխարհային դասական երաժշտության գանձարանում և մեծ ժողովրդայնություն են վայելում ամբողջ աշխարհում: Նրա ստեղծագործությունները հոգեհարազատ և հասկանալի են աշխարհի բոլոր ժողովուրդներին, նրա տաղանդը սիրված ու հարգված է բարձր արվեստը գնահատողների կողմից ` անկախ ազգային պատկանելությունից: ՅՈՒՆԵՍԿՕ-ն դասում է Խաչատրյանի անունը քսաներորդ դարի ամենահայտնի կոմպոզիտորների շարքին:
Արամ Խաչատրյանը մահացել է 1978 թվականի մայիսի 1-ին` 75-ամյակի հոբելյանի շեմին: Նա թաղված է Երևանի Կոմիտասի անվան այգու պանթեոնում` արվեստի ու գրականության հայ երախտավորների կողքին:
«…Այսպիսով ոչ մի կասկած չէր մնացել. մեր արվեստ մուտք էր գործում վառ, աչքի ընկնող և հզոր տաղանդ, որին վիճակված էր բացել 20-րդ դարի երաժշտության նոր հորիզոններ և գրավել ժամանակակից երաժշտության արարիչների շարքում առավել պատվավոր տեղերից մեկը: Խաչատրյանի երաժշտության մեջ առկա է ամենամեծ տաղանդներին բնորոշ ևս մի գիծ` անհատական ստեղծագործական ձեռագիր և ինքնատիպ ոճ: …»,- Ա, Խաչատրյանի մասին ասել է ռուս երգահան Դմիտրի Շոստակովիչը: