Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կարկուտի հետևանքով տուժած սոցիալապես անապահով յուրաքանչյուր ընտանիքի կհատկացվի 50 հազար դրամի չափով օգնություն
Արմավիրի մարզի կարկտահարության հետևանքով հարյուր տոկոս տուժած 23 գյուղերի սոցիալապես անապահով յուրաքանչյուր ընտանիքին կհատկացվի միանվագ դրամական օգնություն` 50 000 դրամի չափով: Այս մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում:
Արմավիրի մարզի կարկտահարության հետևանքով տուժած սոցիալապես անապահով ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու նպատակով, ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը ընթացիկ տարվա ինն ամսում կհատկացվի 80 մլն դրամ:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ Արմավիրի մարզում կարկտահարությունից 100 % տուժել են թվով 23 գյուղեր, որոնց բնակիչները հայտնվել են սոցիալ-տնտեսական ծանր վիճակում: Ըստ նրա` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված մեթոդաբանությունը տրամադրվել է նշված 23 համայնքների ղեկավարներին, որոնք հանձնաժողովներով ճշտել են այդ համայնքների առավել անապահով ընտանիքների ցուցակները: Այդ ցուցակներում ներառվել են 1606 ընտանիքներ:
Վարչապետը նշեց նաև, որ եթե ցուցակներում լինեն անճշտություններ, դրանք կկարգավորվեն:
Կառավարության մեկ այլ որոշմամբ` կարկտահարությունից տուժած գյուղացիների հողի հարկի և ջրի վարձի փոխհատուցման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից հատկացվեց համապատասխանաբար` 207 և 650 մլն-ական դրամ: