Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մայիսի 28-ից սկսած Թուրքիայի տասնյակ քաղաքներում տեղի են ունենում բողոքի ելույթներ` ուղղված Ստամբուլի Գեզի զբոսայգու պահպանությանը, որը կառավարության որոշմամբ պետք է ապամոնտաժվի: Բողոքի ակցիաների ընթացքում ոստիկանության և ցուցարարների միջև տեղի են ունենում արյունալի բախումներ: Կան մեծ թվով վիրավորներ, ձերբակալվածներ և այսօրվա դրությամբ արդեն 4 զոհ: Բողոքի ակցիաները ցրելու համար ոստիկանները կիրառում են արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ, մահակներով ծեծի ենթարկում ցուցարարներին:
Թուրքիայում կատարվող իրադարձությունների, դրանց հնարավոր հետևանքների, նաև պատճառների մասին Panorama.am-ը զրուցել է ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի հետ:
-Պարոն Սաֆրաստյան, ի՞նչի կհանգեցնեն Թուրքիայում ծավալվող իրադարձությունները:
-Դեռ վաղ է այդ մասին խոսել: Պետք է սպասել, Էրդողանը վերադառնա (այս պահին Էրդողանն Աֆրիկայում է) և տեսնենք, ինչ քայլեր կձեռնարկի: Մյուս կողմից քրդական գործոնը շատ կարևոր դեր կարող է խաղալ, մյուս կողմից կուսակցությունները դեռ չեն կողմնորոշվել: Դրա համար դեռ պետք է սպասել: Հիմա կարծես թե ձևավորվում են որոշակի ընդհանուր հայացքներ, հիշենք, որ սա շատ բազմավեկտոր բողոք է: Հիմա կարծես թե ընդհանուր հարթակ է ստեղծվում, որը եթե զարգանա, կարող են հանդես գալ արդեն առաջատարներ, լիդերներ, այդ դեպքում արդեն շարժումը կսկսի զարգանալ` չսպասելով քրդերի կամ քաղաքական կուսակցությունների աջակցությանը: Հիմա հետագայի մասին գնահատականներ տալու համար դեռ վաղ է, և շատ կարևոր կլինի մոտակա օրերին իշխանության դիրքորոշումը:
-Կարելի՞ էր մի քանի ամիս առաջ ենթադրել, որ Թուրքիայում նման ակցիաներ կսկսեն:
-Գիտե՞ք, ընդհանուր առմամբ նկատելի էր, որ թուրքական հասարակության որոշակի խավերի մոտ դժգոհություն է կուտակվում` կառավարող կուսակցության, անձամբ Էրդողանի նկատմամբ: Դժգոհությունը պայմանավորված էր մի քանի հանգամանքով` մասնավորապես կառավարման այն ավտորիտար մեթոդը, որ ընտրել է Էրդողանը: Բացի դրանից Թուրքիայում կա դժգոհություն կապված խոսքի ազատության սահմանփակման հետ, նաև Եվրամիությունն է դա քննադատում: Մոտ 100 լրագրող կամ հետպանդվում է, կամ բանտում է: Կա դժգոհություն կապված ոչ սունիական իսլամ դավանող ժողովուրդների մոտ` մասնավորապես ալեվիների ու շիաների մոտ, որովհետև իսլամ դավանող այս կուսակցությունն իր գործունեությամբ ուժեղացնում է սունիական իսլամն այդ երկրում: Պետք է հաշվի առնել նաև քրդական գործոնը, պարզ դարձավ, որ գաղտնի բանակցություններ են վարվել, որի մասին հասարակությունը շատ քիչ բան գիտի, սալ է իր հերթին թուրք հասարակության մոտ դժգոհություն է առաջացրել:
-Ըստ Ձեզ, ինչպիսի՞ն կլինի քրդական համայնքի դիրքորոշումը:
-Գիտեք, քրդական համայք ասելը սխալ է: Թուրքիայում քրդերը մեծ թիվ են կազմում, սակայն միասնական չեն: Կան տարբեր կազմակերպություններ, կուսակցություններ, որոնք ունեն պատգամավորներ, կան զինված ջոկատներ, բայց այդ գաղտնի բանակցությունների արդյունքում, ես կարծում եմ, քրդերը որոշակի ակնկալիքներ ունեն այս կառավարությունից, որոշակի խոստումներ են նրանց տրվել: Այդ խոստումները կարելի է բնութագրել որպես ինքնավարության, մշակույթի, տարածքային որոշակի տարրեր, և ավելի մեծ ազդեցություն Թուրքիայի քաղաքական կյանքի վրա: Ես կարծում եմ այդ գաղտնի բանակցություններն են, որ քրդերին դեռ հետ են պահում:
-Ձեր գնահատականով, Էրդողանը ի՞նչ կզոհաբերի իրավիճակից դուրս գալու համար:
-Սա ամենակարևոր հարցն է, որի պատասխանը կտեսնենք մոտակա օրերին: Ամբողջ բանն այն է, որ Էրդողանը որպես խարիզմատիկ անձնավորություն`ինքնուրույն է որոշումներ կայացնում, շատ քիչ է խորհուրդներ լսում, շուտ բռնկվող է, այսինքն տիպիկ ավտորիտար խարիզմատիկ լիդեր է: Եթե նա իսկապես փորձի իրականացնել այն հայտարարությունը, երբ ասաց, թե կարող է իր կողմնակիցներից մեկ մլն մարդ դուրս բերել փողոց, ես կարծում եմ, որ եթե նա նման բան անի, ապա դա կլինի անվտանգավոր բանը, և երկիրը կարող է կանգնեցնել քաղաքացիական պատերազմի շեմին:
Եթե կարողանան Էրդողանին համոզել, որ նա ավելի մեղմ մոտեցում ցուցաբերի, ներողություն խնդրի, (որովհետև ցուցարարները, ընդվզողները պահանջում են, որ առաջին հերթին ներողություն խնդրի ուժ կիրառելու համար), եթե համոզեն նրան դա անել, ես կարծում եմ կամաց-կամաց այս շարժումը կարող է թուլանալ: Դրա նշաները կան: Թուրքիայի իշխող քաղաքական դասը համաձայնություն ունի, որ պետք է թուլացնել շարժումը, կարևոր արտաքին գործոն հանդիսացող ԱՄՆ-ն նույնպես ունի որոշակի լծակներ ազդելու` թուրքական հասարակության որոշակի խմբերի վրա: Իմ կարծիքով, ԱՄՆ-ն էլ համաձայն է, որ շարժումը պետք է հնարավորինս մեկուսացնել, քանի որ նրան Թուրքիայի հետ կապված հաշվարկներ ունեն:
-Այսինքն այն ինչ եղավ արաբական երկներում, պետք չէ՞ ակնկալել, որ կլինի Թուրքիայում:
-Ես այդպես չէի ասի: Կասեի, որ այդ երկրում մենք տեսնում ենք իրադարձություններ, որոնք թուրքական իրադարձություններ են: Արդյո՞ք դրանք կընթանան արաբական սցենարով, դեռևս դրա կարևոր նախադրյալները չկան, ինչո՞ւ, որովհետև վերջ ի վերջո Էրդողանն ու իր կուսակցությունը ընտրված են ժողովրդավարական ճանապարհից, այն էլ երեք անգամ անընդմեջ, և եթե մենք համեմատում ենք արաբական գարնան հետ, ապա այնտեղ հիմնական ուժը իսլամամետ կազմակերպություններն էին, իսկ Թուրքիայում հակառակն է, իսլամամետ ուժերը աջակցում են դեռ Էրդողանին: