Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Մալթայի ընտրանու հետ աշխարհին 2014 թ. առաջնության ընտրական փուլի հանդիպման նախօրեին կայացած նախախաղային մամուլի ասուլիսում հայտարարեց, որ այդ թիմին հաղթելն ամենևին էլ հեշտ գործ չէ, սակայն իրենց նպատակը հաղթանակն է ցանկացած մրցակցի հետ խաղում:
«Ցանկացած խաղում մենք մեր առջև խնդիր ենք դնում հաղթել: Այն, որ Մալթայի ընտրանին խմբի ամենաթույլ թիմն է, որոշակիորեն ճնշում է մեզ, բայց պետք է լավ խաղանք, անկախ մրցակցի ուժից: Սակայն ոչ ոք թող չկարծի, որ Մալթայի հավաքականին հաղթելը հեշտ է: Մենք պետք է շատ զգույշ լինենք»,- նշեց Վարդան Մինասյանը` ավելացնելով, որ Մալթայի ու Դանիայի ընտրանիների հետ առաջիկա խաղերում մեր թիմը գործելու է տարբեր մարտավարությամբ` կատարելով փոփոխություններ նաև կազմում:
Անդրադառնալով հավաքական ժամանած ֆուտբոլիստների վիճակին` Հայաստանի հավաքականի մարզիչը շեշտեց, որ Կառլեն Մկրտչյանը թեթև խնդիր ունի, սակայն կարող է հասցնել վերականգնվել մինչև հանդիպումը: Ոմանք զրկված են եղել խաղային պրակտիկայից: Իսկ Յուրա Մովսիսյանը մարզչի գիտությամբ է 1 օր ուշ միացել հավաքականին, քանի որ մարզվում էր ԱՄՆ-ում, որտեղից ժամանումը Երևան բարդ գործ է:
Վարդան Մինասյանը պատասխանեց նաև Հենրիխ Մխիթարյանի երեկվա այն հայտարարության վերաբերյալ հարցին, որով նա կատարած զգացմունքային արտահայտությունների համար ներողություն է խնդրել իր թիմակիցներից:
«Ես չեմ ուզում մեկնաբանել նրա հայտարարությունը: Գուցե այդպես արտահայտվել է անհաջող խաղից հետո: Բայց ցանկացած դեպքում պետք է լավ մթնոլորտ լինի հավաքականում: Եթե խնդիրներ լինեն, հաջողության չենք կարողանա հասնել: Միասնությունն առաջնահերթ է»,- ասաց մարզիչը:
Նա նշեց նաև, որ Իսլանդիայի հավաքականի հետ այսօր կայանալիք հանդիպումից հետո Վարազդատ Հարոյանն ու Կարեն Մուրադյանը կմիանան ազգային թիմին:
http://www.panorama.am/am/all-videos/1780/