«Բարև Երևան» դաշինքը քաղաքապետարանում շարունակելու է «Ժառանգությանը» բնորոշ գործելաոճը
Քաղաքական
13:46 08/06/2013

«Բարև Երևան» դաշինքը քաղաքապետարանում շարունակելու է «Ժառանգությանը» բնորոշ գործելաոճը

Երևանի նորընտիր ավագանին, ինչպես արդեն տեղեկացրել է Panorama.am-ը, այսօր գումարեց անդրանիկ նիստը: Նիստի օրակարգային հարցերի քվեարկությանը չմասնակցեց միայն «Բարև Երևան» դաշինքի անդամները: «Քանի որ ընտրությունների արդյունքները կեղծվել են, մենք չենք մասնակցելու …»,- ասաց դաշինքի անդամ Արմեն Մարտիրոսյանը:

Այնուհետև նա լրագրողների հետ զրույցում կրկնեց, որ չի կարելի ընդունել մայիսի 5-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները:

Միաժամանակ Ա. Մարտիրոսյանը նշեց, որ իրենք այստեղ էլ շարունակելու են «Ժառանգությանը» բնորոշ աշխատելաոճը. «Ինչպես Ազգային ժողովում, այստեղ էլ, մենք կողմ կքվեարկենք այն որոշումներին, որոնք ի շահ քաղաքացիների են: Խիստ ընդդիմանալու ենք այն որոշումներին, որոնք քաղաքաշինական, էկոլոգիական խնդիրներ են առաջացնելու մեր քաղաքացիների համար, ինչպես եղել է նախկինում: Փորձելու ենք պաշտպանել մեր քաղաքացիների իրավունքները»:

Նիստի ավարտից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանն ասաց, որ այն անցավ նորմալ աշխատանքային մթնոլորտում: Այն դիտարկմանը, թե «Բարև Երևան» դաշինքը սկսեց «ընդվզումով», նա պատասխանեց, որ դա իրենց իրավունքն է:

Placeholder
«Բարև Երևան» դաշինքը քաղաքապետարանում շարունակելու է «Ժառանգությանը» բնորոշ գործելաոճը