Դանիական մամուլը պահանջում է Օլսենի հրաժարականը
Աշխարհում
16:47 12/06/2013

Դանիական մամուլը պահանջում է Օլսենի հրաժարականը

Աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում երեկ Դանիայի ազգային հավաքականը խոշոր` 0:4 հաշվով պարտություն կրեց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականից: Եվ ահա դանիական մամուլը սուր քննադատության է ենթարկել իրենց ազգային հավաքանին և գլխավոր մարզիչ Մորտեն Օլսենին:

«Պոլիտիկեն» պարբերականն այս հանդիպումն անվանել է «սև բիծ` դանիական ֆուտբոլի պատմության վրա», որը «ծաղրուծանակի ենթարկեց իրենց երկիրը»: Նշվում է, որ սա հավաքականի ամենադաժան պարտությունն էր` Օլսենի 13-ամյա մարզչական կարիերայի ընթացքում և հիմա նա պարտավոր է հեռանալ:

«Բերլինգսենն» իր հերթին գրում է, որ գլխավոր մարզիչն ազգային հավաքականին այլևս առաջարկելու ոչինչ չունի և որ ընտրանին վերջին 30 տարիների ընթացքում առաջին անգամ ճգնաժամ է ապրում:

«Դանիայի հավաքականին նոր մարզիչ է հարկավոր»,- գրում է «Էքստրա Բլադետ» պարբերականը:

ԶԼՄ-ների բազմաթիվ ներկայացուցիչներ Դանիայի ֆուտբոլի ֆեդերացիային շտապեցնում են նոր գլխավոր մարզչի ընտրության հարցում:

Հիշեցնենք, որ Օլսենն ընտրանին գլխավորում է 2000 թ.-ից, իսկ նրա գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2014 թ.:

Դանիական, ինչպես նաև շվեդական և նորվեգական մամուլը պնդում է, որ աշխարհի 2014 թ. առաջնությանը մասնակցելու «դանիական երազանքը» գրեթե մահացել է:

Placeholder
Դանիական մամուլը պահանջում է Օլսենի հրաժարականը