Ասկերանի զորամասում խելագարության հասած զինծառայողի քրգործը կարճվել է. Ընտանիքն ուշադրության կարիք ունի
Իրավունք
10:20 14/06/2013

Ասկերանի զորամասում խելագարության հասած զինծառայողի քրգործը կարճվել է. Ընտանիքն ուշադրության կարիք ունի

Ասկերանի զորամասում խելագարված զինծառայող Հովհաննես Վարդանյանի ընտանիքը օրերս Պաշտպանության նախարարությունից գրություն է ստացել, որով տեղեկացվում է հետևյալը. «Եթե պաշտպանության նախարարության ֆոնդում լրացուցիչ գումար լինի, մենք Ձեզ կարող ենք օգնել 10 հազար դրամով»: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Հովհաննեսի հայրը` Վարդան Վարդանյանը:

«Մարդկություն չկա: Ժամանակ չեմ ունենում, որ տանեմ նախարարություն էս թուղթը տամ իրանց ու ասեմ` տաս հազար դրամով դե գնա բուժվի դու», -հավելեց հուսահատված հայրը:

Հովհաննեսին Նորքի հոգեբուժարանում երկար չեն պահել, անմիջապես տարել են տուն: «Մնար ընդեղ, ավելի կխելագարվեր», -փոխանցեց հայրը: Այժմ, հոր խոսքով, տղային տաս օրը մեկ բուժման են տանում հոգեբույժ Բակունցի մոտ ու հույս ունեն լավ կլինի: «Երեխուն տաս օրը մեկ տանում-բերում ենք Բակունցի մոտ, ասում են բուժվելը ժամանակի խնդիր է, տեսնենք: Առանց փող-առանց բան մարդը ասեց կանի», -հավելեց Վարդան Վարդանյանը:

Նրա խոսքով, Հովհաննեսն այժմ 33 հազար դրամ ամսական թոշակ է ստանում, ինքն էլ նոր գործ է գտել ու մի կերպ բազմանդամ ընտանիքը պահում են: Երիտասարդ որդու հիվանդության հետ գրեթե հարմարված հոր համար ամենածանրը անտարբերությունն է: «Անտարբերություն ու վերջ. Նորքի հոգեբուժարանում անգամ վարձը չմուծեցին, ասեցին գնա հաշվեհամարը բեր, կմուծենք, չմուծեցին: Մեծ գումարի մասին չի խոսքը` 180 հազար դրամի մասին ա խոսքը», ասաց հայր Վարդանյանը:

ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Մերի Սարգսյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ Ասկերանի զորամասում ծառայած Հովհաննես Վարդանյանին բանակում խելագարության հասցնելու դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործը կարճվել է հանցադեպի բացկայության հիմքով:

Նշենք, որ քրեական գործը հարուցվել էր ՀՀ Քր.Օր.-ի 375 հոդվածի հատկանիշներով` «իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը»: Մերի Սարգսյանի խոսքով, բանակում ծառայության ընթացքում Հովհաննեսի մոտ ի հայտ էին եկել շիզոֆրենիայի կլինիկական ախտանշաններ: «Հովհաննես Վարդանյանի հայրտ նամակ է գրել Պաշտպանության նախարարին ու Զինվորական դատախազին, որ ինքը գոհ է նախաքննության ընթացքից և որևէ պահանջ չունի», -փոխանցեց ՊՆ քննչական ծառայության սպան:

Ավելի վաղ համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ զորամասում խելագարության հասած երիտասարդը անկանոն շարժումներ էր անում, իսկ հայրն ասում էր, որ իր որդին նախկինում առողջական որևէ խնդիր չի ունեցել:

Նախորդող հրապարակում. Զինվորին խելագարության հասցնելու դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել  

Placeholder
Ասկերանի զորամասում խելագարության հասած զինծառայողի քրգործը կարճվել է. Ընտանիքն ուշադրության կարիք ունի