Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
The Washington Post. Սաուդյան Արաբիան և Քաթարը պատրաստ են զենք մատակարարել Սիրիայի ընդդիմությանը
Սաուդյան Արաբիան և Քաթարը հայտարարել են մոտ ժամանակներս Սիրիայի ընդդիմությանը հակատանկային զենք և զենիթահրթիռային համալիրներ մատակարարելու պատրաստակամության մասին:
Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ վերլուծելով Սիրիայի ընկերների խմբի հանդիպումը:
Հանդիպման մասնակիցների գործողությունները զենք ստանալու խնդրանքի «կոլեկտիվ պատասխանն է»: Դրա մասին մասնավորապես հայտարարել էր Ռազմական գերագույն խորհրդի հրամանատար Սալիմ Իդրիսը, և պարզվել է, որ Քաթարը և Սաուդյան Արաբիան արդեն պատրաստ են մոտ ժամանակներս զենք փոխանցել:
Ըստ պարբերականի ունեցած տեղեկությունների՝ 11 երկրների ԱԳ նախարարները համաձայնեցրել են այն գործողությունները, որոնք կոչված են թույլ չտալ, որ զենքն հայտնվի իսլամիստների ձեռքում:
Թերթն ընդգծում է, որ որոշումը եղել է ոչ միաձայն: Գերմանիան գլխավորել է այն երկրները, որոնք դեմ են հանդես եկել զենք մատակարարելուն: Բեռլինը պնդում էր, որ զենքի մատակարարումները կհանգեցնեն Սիրիայում մարդասիրական ճգնաժամի և սուննիների ու շիաների միջև հակասությունների սրմանը:
Հանդիպման մասնակիցների համատեղ հայտարարությունում նշված է, որ յուրաքանչյուր երկիր ինքնուրույն է որոշում, թե կոնկրետ ինչ օգնություն է մատակարարելու:
Իտալիայի ԱԳ նախարար Էմմա Բոնինոն հանդիպման ավարտից հետո հայտարարել է, որ Հռոմը պատրաստ է Սիրիայի ընդդիմությանը ցանկացած օգնություն ցուցաբերել, բացի զենքից:
Բոնինոն նաև նշել է, որ պետք է հստակ հասկանալ, թե ում է պետք օգնություն տրամադրել: «Պետք է հասկանալ, թե ով է մտնում ընդդիմության շարքերում, կարելի է արդյոք նրանց վստահել և ինչ ազդեցություն ունեն այդ խմբերը կոնկրետ տարածքում»,-նշել է նա:
«Ճգնաժամի միակ լուծումը միջազգային համաժողովն է»,-հայտարարել է Բոնինոն՝ընդգծելով, որ այս հակամարտությունը չի կարելի լուծել ռազմական ճանապարհով:
Իր հերթին Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ Փարիզը մտադիր է տուժածների բուժումն ապահովելու համար սիրիացի ապստամբներին դեղորայք տրամադրել: