Ստամբուլի թուրքական դպրոցում ծափահարել են «Հայոց ցեղասպանությունը թուրքերն են արել» խոսքերին
Քաղաքական
13:35 03/07/2013

Ստամբուլի թուրքական դպրոցում ծափահարել են «Հայոց ցեղասպանությունը թուրքերն են արել» խոսքերին

«Հայոց ցեղասպանությունը թուրքերն են արել» այս խոսքերին ծափահարող թուրքական դպրոց կա»: Այսպիսի բովանդակությամբ գրառում է կատարել «Twitter» միկրոբլոգում թուրքական «Ա հաբեր» լրատվական կայքը:

Վերոնշյալի հետ կապված թուրքական մեկ այլ լրատվական կայք` «մինութ15»-ը, հրապարակել է թուրքական «Թաքվիմ» թերթի սյունակագիր Էրգյուն Դիլերի հոդվածը:

«Ermenihaber.am»-ը ներկայացնում է հոդվածի` Հայոց ցեղասպանությանը վերաբերող հատվածը.

«Գեզիի իրադարձություններին սատարող մի դպրոցում շատ կարևոր հյուր էր եկել 2008 թվականին: Իսկ ո՞վ էր եկել: Այդ դպրոցի շրջանավարտները տարիներ հետո տեղ են զբաղեցնելու երկրի ղեկավար մարմինների կազմում: Թո՛ղ իմանան: Ահա, հենց այդ դպրոցում շատ կարևոր մի մարդ էր եկել: Սպասում էի, թե ո՞վ է նա: Նա այդ ժամանակ կարդինալ Բերգոլիոն էր, իսկ այժմ` Հռոմի պապ Ֆրանչեսկոն:
Ընդհանրապես չէի լսել:
Նա այցելելով Ստամբուլ՝ դպրոցներից մեկում համաժողով կազմակերպեց: Թուրք աշակերտների և մանկավարժների աչքերի մեջ նայելով ասաց. «Հայոց ցեղասպանությունը թուրքերն են արել. Ձեր կողմից դա ընդունելը պայման է»: Հավատացե՛ք, դահլիճը ծափահարությունից ուղղակի պայթեց: Ե՛վ աշակերտները, և մանկավարժները հոտնկայս ծափահարում էին: Ստամբուլի սրտում այսպիսի բաներ են տեղի ունեցել, սակայն ոչ ոք տեղյակ չի եղել:
Շատ էի զարմացած:
Այսպիսով սա էլ «Հռոմի պապի «Գեզին» էր:
Գեզիի իրադարձությունների մասնակիցների շարքերում նմանները շատ կան»:

Placeholder
Ստամբուլի թուրքական դպրոցում ծափահարել են «Հայոց ցեղասպանությունը թուրքերն են արել» խոսքերին