Արցախ եկած սինգապուրցին հիացած է. Ամեն օր ֆեյսբուքյան էջում Արցախի գեղատեսիլ վայրերի լուսանկարներ է տեղադրում (Տեսանյութ)
Օրվա թեմա
12:10 08/07/2013

Արցախ եկած սինգապուրցին հիացած է. Ամեն օր ֆեյսբուքյան էջում Արցախի գեղատեսիլ վայրերի լուսանկարներ է տեղադրում (Տեսանյութ)

Վերջին մի քանի օրերին Արցախն առավել հյուրառատ էր: «Տնջրե»-ն այստեղ էր հավաքել ավելի քան մեկ տասնյակ երկրներից եկած հյուրերի: Հայկական երկրորդ պետությունում անցկացվող փառատոնը տարեցտարի ընդլայնում է աշխարհագրությունը: Հուլիսի 1-ին մեկնարկած փառատոնն այսօր կավատրվի:

Մասնակիցներն այստեղ են գալիս ոչ միայնակ: Panorama.am-ը փառատոնի օրերին Արցախում էր: Խոսել ու զրուցել ենք փառատոնի մասնակիցների հետ: Նրանք բոլորն էլ նշեցին, որ հնարավորության դեպքում մեծ սիրով կրկին Ղարաբաղ կգան:
Օրինակ, դաշնակահարերից մեկը նախորդ տարի Արցախ էր բերել որդուն, այս տարի դստեր հետ է:

«Ես շատ եմ հավանել Արցախը, շատ գեղեցիկ երկիր է, փառատոնն էլ շատ լավն է, նորից կուզեի Արցախում լինել»,-ստացած տպավորությունների մասին խոսում է փառատոնի մասնակցի դուստրը:

Փառատոնի սինգապուրցի մասնակիցն առաջին անգամ է Արցախում:
«Եվ երկիրն է սիրուն, և մարդիկ: Սինգապուրի համեմատ այստեղ մշակույթը շատ տարբեր է: Ես ուզում եմ, որ ամենուր խաղաղություն լինի, ոչ պատերազմ, ոչ էլ կրակ: Ես կարծում եմ, որ երաժշտությունը կարող է համախմբել բոլորին»,-ասում է նա:
Արցախով հիացած մասնակիցը չի համբերում հայրենիք հասնել, ֆեյսբուքյան իր էջն ամեն օր թարմացնում է Արցախի գեղատեսիլ վայրերում արված լուսանկարներով ու գրառումներ կատարում, արցախյան դրոշն էլ արդեն նրա էջում կարելի է տեսնել:

Նշենք, որ առաջին փառատոնը 2010-ին էր: Այս տարի փառատոնային 12 համերգներ տեղի ունեցան Ստեփանակերտում, Շուշիում, Հադրութի շրջանի Տող, Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղերում, Մարտունիում և Քարվաճառում: Համերգներին կատարվեցին Բախի, Բեթհովենի, Մոցարտի, Շուբերտի, Խաչատրյանի անմահ ստեղծագործությունները, ինչպես նաև ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Փառատոնի խորհրդանիշը և անունը՝ «ՏՆՋՐԵ» /արցախյան 2000-ամյա սոսի ծառի անունը՝ ղար. բարբառով/, ընտրվել է՝ Արցախի բնական այս եզակի հուշարձանի պահպանման և պաշտպանության խնդրի վրա ուշադրություն հրավիրելու, Տնջրեի շրջակա միջավայրի բարեկարգման նպատակով:

Նախորդող հրապարակումներ`

Արցախը բոլորին հրավիրում է երաժշտության տոնին` ՏՆՋՐԵ» փառատոնին

Արցախի նախագահն ընդունել է «Տնջրե»-ի մասնակիցներին

 


 

Placeholder
Արցախ եկած սինգապուրցին հիացած է. Ամեն օր ֆեյսբուքյան էջում Արցախի գեղատեսիլ վայրերի լուսանկարներ է տեղադրում (Տեսանյութ)