Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՀՀ նախագահը կարկուտից տուժած արմավիրցիների ֆոնդին փոխանցել է 80 մլն դրամ
««Բնական աղետներից տուժած գյուղացիներին օգնության հիմնադրամի» հաշվեհամարին արդեն շուրջ 228 մլն դրամ գումար է հավաքվել»»,- այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց հիմնադրամի նախագահ, ԱԺ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը:
«Իմ համար մեծ պատիվ է նշել, որ մի քանի օր առաջ մենք ստացանք մինչ օրս փոխանցված ամենամեծ դրամական օգնությունը` 80 մլն դրամ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ֆոնդից, ինչն էլ ևս մեկ անգամ ապացուցեց, որ հանրապետության նախագահը միշտ կանգնած է հայ գյուղացու կողքին` սատարելով նրան նման դժվար պահերին»,- ասաց Ա.Պետրոսյանը:
Հիշեցրեց նաև, որ հիմնադրամը գործելու է մինչև օգոստոսի 1-ը, ուստի, նշեց, որ այդքան էլ շատ ժամանակ չի մնացել օգնություն ցուցաբերելու համար. «Առայժմ հավաքագրված գումարը ցավոք բավարար չէ այդ ահռելի նյութական վնասի փոխհատուցման համար: Սակայն մենք չենք դադարում հորդորել հասարակությանը օգնության ձեռք մեկնել հայ գյուղացուն, ով իսկապես մեր բոլորի օգնության կարիքն ունի այսօր»,- հավելեց մեր զրուցակիցը:
Նա հիշեցրեց, որ մեկ ամսից ավելի ժամանակ գործող հիմնադրամի նպատակն է բարեգործական դրամահավաքի միջոցով ֆինանսական օժանդակություն ցուցաբերել Արմավիրի մարզի բոլոր այն գյուղացիներին, ովքեր մայիս ամսվա ուժգին կարկտահարության հետևանքով մնացին առանց բերքի: Հիմնադրամի գործունեության հենց առաջին օրվանից, շարունակեց նա, բազմաթիվ դրամական փոխանցումներ են ստացվել ՀՀ պետական գործիչների, գործարարների, բանկերի, ուսումնական հաստատությունների և անհատներից: