Հայաստանն Արևելյան գործընկերության ծրագրի առաջատար երկրներից է. Ֆյուլե
Քաղաքական
13:23 10/07/2013

Հայաստանն Արևելյան գործընկերության ծրագրի առաջատար երկրներից է. Ֆյուլե

Այսօր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Երևան ժամանած Եվրոպական միության Ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին, տեղեկացնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից:

Հանդիպման ընթացքում, ըստ աղբյուրի, նախարար Նալբանդյանը նշել է, որ վերջին տարիներին Եվրոպական միության հետ Հայաստանի համագործակցությունը լուրջ առաջընթաց է արձանագրել: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև շնորհակալություն հայտնեց ԵՄ կողմից Հայաստանում բարեփոխումների գործընթացին շարունակական աջակցության համար:

Զրուցակիցները քննարկել են Արևելյան գործընկերության շրջանակներում ընթացող բանակցային գործընթացներին առնչվող հարցեր։
Հանձնակատար Ֆյուլեն բարձր է գնահատել ԵՄ-Հայաստան հարաբերություններում տեղի ունեցող դրական զարգացումները, ընդգծելով, որ Հայաստանն Արևելյան գործընկերության ծրագրի առաջատար երկրներից է և վերահաստատել ԵՄ հանձնառությունը՝ շարունակելու աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին: Հանձնակատար Ֆյուլեն նաև հույս է հայտնել, որ նոյեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովին կնախաստորագրվեն Ասոցացման համաձայանգիրը և Խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը:

Հանդիպմանը երկուստեք նշվել է ԵՄ-Հայաստան Մուտքի արտոնագրի ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերի շուտափույթ վավերացման կարևորությունը: Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության համատեքստում անդրադարձ արվել Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցությանը:

Ըստ աղբյուրի, Էդվարդ Նալբանդյանը և Շտեֆան Ֆյուլեն քննարկումները կշարունակեն այսօր երեկոյան կայանալիք աշխատանքային ընթրիքի ընթացքում։

Կարդացեք նաև` 

Այց վիլնյուսյան գագաթաժողովից առաջ. ԵՄ հանձնակատարը Երևանում բազմաթիվ հանդիպումներ կունենա

Placeholder
Հայաստանն Արևելյան գործընկերության ծրագրի առաջատար երկրներից է. Ֆյուլե